31/12/2016 16:31
Մինչև չէինք արտասանում կամ երգում, Ձմեռ պապը նվեր չէր տալիս. Արթուր Աբրահամ
2016-ին ժամեր են մնացել ու յուրաքանչյուրն այսօր տոնական եռուզեռի մեջ է՝ չմոռանալով ամփոփել անցնող տարին: Aysor.am-ը տարվա վերջին ժամերին իր ընթերցողին կներկայացնի, թե որտե՞ղ, ինչպե՞ս և ինչպիսի՞ միջավայրում են պատրաստվում անցկացնել Նոր տարին աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ճանաչված ու սիրված հայերը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 2017-ը կդիմավորի Գերմանիայում՝ հայկական ավանդույթներով:
«Այս տարի Ամանորի գիշերը լինելու եմ ընտանիքիս, հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս հետ՝ Բեռլինի գեղեցիկ ռեստորաններից մեկում: Մենք թե՛ Երևանում, թե՛ Բեռլինում տոնում ենք հայկական կարգերով` բարձր տրամադրություն, համեղ ուտեստներ ու բարի մաղթանքներ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց բռնցքամարտիկը:
Անցնող տարին անձնական կյանքում նրա համար ամենահաջողակն էր: Ամենամեծ նվերն ու ձեռքբերևումը հենց 2016-ը պարգևեց: Տարվա ամենահաջողակ օրն էլ ողջ կյանքում կհիշի:
«Հրաշալի տարի էր, ես հայր դարձա. դա մեծ երջանկություն է: Գլխավոր ձեռքբերումը որդուս` Գրիգորի լույս աշխարհ գալն էր, նա մեծ ուրախություն և անսահման երջանկություն բերեց մեր ընտանիք: Ինձ մոտ ամենատպավորված օրը սեպտեմբերի 25ն է, հենց այդ օրը ծնվեց իմ Գրիգորը», - ժպիտով նշեց նորաթուխ հայրիկը:
Եթե Ամանորը չափահասների համար իր հետ նաև հոգսեր է բերում, ապա մանուկների դեպքում հակառակն է: Իզուր չէ, որ գրեթե բոլորիս մանկության ամենավառ ու տպավորված տոնը Նոր տարին է:
«Ամանորը վառ տոն է: Մանկությունիցս տարբեր-տարբեր խաղալիքներ եմ հիշում. մինչև չէինք արտասանում կամ երգում, Ձմեռ պապը նվեր չէր տալիս», - պատմեց Ա. Աբրահամը:
Հարցին, թե արդյոք բռնցքամարտիկը չի պատրաստվում այս տարի ստանձնել Ձմեռ պապի դերն ու նվերներ մատուցել փոքրիկներին՝ պատասխանեց.
«Նվերներ պատրաստել եմ: Երեխաների համար խաղալիքներ եմ գնել, մեծերի դեպքում առաջնորդվում եմ յուրաքանչյուրի առանձնահատկությամբ և նախասիրությամբ: Ինչ վերաբերում է Ձմեռ պապին, ապա ես չեմ պատրաստվում «գողանալ» նրա դերը, նա անձամբ կգա այն ռեստորան, որտեղ մենք տոնելու ենք Ամանորը, և կուրախացնի փոքրիկներին»:
Արթուր Աբրահամի ամենամեծ ու ցանկալի նվերը խաղաղությունն է:
«Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, առողջություն, բարեկեցություն: Թող 2017 թվականը լինի նորանոր հաջողությունների տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց բռնցքամարտիկը: