10/01/2017 17:28
Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներն իմ երեխաներն են ու կինս, ով հիմա կողքիս է ապրում. Հրանտ Թոխատյանը նշում է ծննդյան տարեդարձը
ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 59-ամյակը: Թեև տոնական օրը դերասանն անցկացնում է ստեղծագործական միջավայրում՝ թատրոնում, սակայն դեռ կեսգիշերին ընտանիքի անդամները գեղեցիկ անակնկալ են մատուցել:
«Այժմ թատրոնում եմ, փորձերի մեջ: Բայց գիշերը ընտանիքս ինձ շնորհավորեց: 00:01 րոպեին կողքիս էին կինս, դստրիկս, տղաներս, հարսս, թոռնիկս, զոքանչս…Շատ գեղեցիկ անակնկալ էր, եկան տորթով, մոմերով, փուչիկներով, ընտանեկան մթնոլորտում նշեցինք: Ներկայացման փորձից հետո էլ, վստահ եմ, փորձասրահում ընկերներս կշնորհավորեն: Կարծում եմ՝ այդքանը բավական էր»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանը:
Հոբելյարը խոստովանեց՝ սեփական ծննդյան օրը տոն սարքել չի սիրում.
«Ես իմ ծննդյան տոները նշել չեմ սիրում, նախընտրում եմ պարզապես մեկ գավաթ խմիչքով շնորհավորեն ու վերջ: Բայց մեծ սիրով նշում եմ ուրիշների ծննդյան տոները»:
Հ. Թոխատյանի ստեղծագործական և անձնական կյանքում ձեռքբերումների պակաս չկա, սակայն նա առավել կարևորում է զավակների և կնոջ ներկայությունը:
«Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներն իմ երեխաներն են ու կինս, ով հիմա կողքիս է ապրում: Նրան շատ սիրում եմ, հարգում ու գնահատում: Ինչ վերաբերում է ստեղծագործական ձեռքբերումներին, ապա այդ աշխատանքները ստեղծվում ու հետագայում ապրում են իրենց կյանքով: Իհարկե, միշտ էլ առավելագույնը ստեղծելու ցանկություն ու ձգտում կա. նոր ու հետաքրքիր ներկայացումներ, ֆիլմեր… Ձեռքբերումներիս մեջ կցանկանամ առանձնացնել նաև ընկերներիս, ովքեր աշխարհի լավագույն ընկերներն են: Այնպես որ՝ ամեն ինչի լավագույնն ունեմ՝ լավագույն ընտանիք, ընկերներ, ունեցել եմ նաև լավագույն դասարանն ու կուրսը», - նկատեց նա:
Հարցին, թե ի՞նչ կմաղթի ինքն իրեն՝ ՀՀ Ժողովրդական արտիստը պատասխանեց.
«Առաջին հերթին մաղթում եմ ծրագրերի իրականացում: Կցանկանամ ապրել իմ երազած երկրում ու զբաղվել ստեղծագործական աշխատանքով»:
Aysor.am-ը ևս շնորհավորում է սիրված դերասանին՝ մաղթելով առողջություն, նպատակների իրականացում և նոր ու հետաքրքիր աշխատանքներ: