11/01/2017 12:46
Հայկական կողմը պատրանքներ չպետք է ստեղծի, թե Ադրբեջանի դիրքորոշումը կփոխվի. քաղաքագետ
Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ փոփոխություն չի կրել այս տարիների ընթացքում, մինչդեռ ապրիլյան պատերազմից ադրբեջանական կողմը որոշ հետևություններ է արել, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Ապրիլյան իրադարձություններից հետո, համեմատած նախորդ տարիների, Ադրբեջանը բավականին զուսպ է իր գործողություններում: Դա խոսում է երկու բանի մասին՝ կամ Ադրբեջանը իսկապես ապրիլյան իրադարձություններից հետո լուրջ հետևություններ է արել և իր ագրեսիվությունը տեղափոխել քարոզչական դաշտ, կամ պարզապես նախապատրաստում է ուրիշ գործողություն: Ես բախումներ չեմ բացառում, բայց նաև կարծում եմ, որ ադրբեջանական կողմը չի գնա լայնամասշտաբ պատերազմի, ինչը, սակայն, չի բացառում սահմանային լարվածության ավելի ցածր մակարդակի ակտիվացումը», - ասաց քաղաքագետը:
Վերջինս ընդգծեց, որ տեսանելի ապագայում ադրբեջանական կողմը չի փոխելու հակամարտության շուրջ ունեցած իր դիրքորոշումը, իսկ ռազմական սպառնալիքները շարունակվելու են, ինչը նշանակում է, որ հայկական կողմը պատրանքներ չպետք է ստեղծի, թե Ադրբեջանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն կարող է տեղի ունենալ: