11/01/2017 12:09
Ամանորյա տոները ազդել են Մինսկի խմբի աշխատանքի ու ոճի վրա. Սերգեյ Մինասյան
Ամանորյա տոներն, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, ազդել են Մինսկի խմբի աշխատանքի ու ոճի վրա, նման կարծիք քաղաքագետը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով Չինարիի դեպքերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշացած հայտարարությանը:
«Արված հայտարարության առաջին երկու նախադասությունները փաստացի իրար հակասում են: Մի կողմից փորձ է արվել հավասարության նշան դնել հայկական և ադրբեջանական կողմերի գործողությունների միջև, չնայած չեմ կարծում, որ Մինսկի խմբի համանախագահների համար պարզ չէ, թե որ կողմն էր դեկտեմբերի 29-ի գործողությունը նախաձեռնել, մյուս կողմից համանախագահները խոսում են ադրբեջանական դիվերսանտին վերադարձնելու մասին: Տրամաբանական է, որ եթե ադրբեջանական կողմը չէր սկսել գործողությունները, ապա ինչո՞ւ պիտի ադրբեջանցի դիվերսանտի դին հայտնվեր հայկական կողմում», - ասաց Սերգեյ Մինասյանը:
Համանախագահների հայտարարությունը քաղաքագետը կարևորեց նաև այն տեսանկյունից, որ հերթական անգամ նշվեց՝ կողմերը պիտի կատարեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. «Եթե կողքի դնենք այդ բոլոր ուղերձների դիվանագիտական ասպեկտը, ապա դրանք բացառապես ադրբեջանական կողմին են ուղղված», - ընդգծեց նա:
Անդրադառնալով ԱԳՆ պատասխանին՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ինքը համաձայն է հնչած հայտարարության հետ և ընդգծեց, որ ԱԳՆ հայտարարության մոտեցումներն ու գնահատականներն, ըստ էության, համապատասխանում են իրար: