11/01/2017 15:23
Մեր ամենամեծ նվերն արդեն ստացել ենք Աստծո կողմից. Արևիկ Ալավերդյան
Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին քրիստոնյա աշխարհը տոնում է Ամանորը: Տոնական այդ շրջանը տարբեր երկրներում տարբեր կերպ է ընկալվում ու անցկացվում: Եթե ասիացիները սիրում են օրերով կերուխում կազմակերպել, տնից տուն գնալ ու գրեթե 10 օր մի լավ գերհոգնել, ապա եվրոպացիները առիթն օգտագործում են հանգստանալու համար՝ տոնական մեկօրյա սեղան, ընտանեկան հավաքույթ ու վերջ…
Երգչուհի Արևիկ Ալավերդյան-Շահբազյանն, ով վերջին տարիներին ամուսնու հետ բնակվում է Փարիզում, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Ամանորն անցկացրել է հայկական տրամադրությամբ, Ֆրանսիայում, բայց հայկական միջավայրում: Մեկ ամիս առաջ մայրացած հայուհին այս անգամ զերծ է մնացել տոնական խոհանոցից:
«Այստեղի Ամանորը տարբերվում է, կարճ տևողություն է ունենում: Հիմնականում, միայն այդ օրն է նշվում, հավաքվում են, ուրախանում և վերջ…Կարծում եմ, Հայաստանում էլ պետք է նման կերպ անցկացնել… Քանի որ մեր կյանքում ավելացել է փոքրիկը ու ես զբաղված եմ նրա խնամքով, խոհանոցին ժամանակ չեմ հատկացրել: Պատճառը նաև այն է, որ այս տարի հրավիրված էինք Նոր տարին անցկացնելու մեր ընկերների հետ՝ նրանցից մեկի տանը: Առհասարակ, միշտ մայրիկիս հետ մասնակցել եմ պատրաստություններին, շատ եմ սիրում ընտանեկան այս տոնը: Նախընտրում եմ լինել մտերիմ մարդկանց շրջապատում»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհին:
Ամանորին մարդիկ ժամանակ են հատկացնում ոչ միայն սեղանների բազմազանությանն ու գեղեցիկ ձևավորմանը, այլև օրվան համահունչ ընտրված զգեստին: Ոմանք նախընտրում են գունեղն ու փայլփլունը, ոմանք՝ դասական երանգները: Աքլորի տարին էլ հուշում էր վառ կարմիրը:
«Այս տարի երկար չեմ մտածել հագուստի ընտրության հարցում: Քանի որ իմ ամենասիրելի գույներից է սևը, հենց այդ գույնի հագուստ էլ կրեցի: Կարծում եմ, այն միշտ ակտուալ է ու դասական», - նշեց նա:
Մեր զրուցակիցը նկատեց՝ ինքն ու ամուսինն արդեն ստացել են իրենց բաղձալի նվերը.
«Մեր ամենամեծ նվերն արդեն ստացել ենք Աստծո կողմից: Առօրեական, նյութական նվերների մասին նույնպես հոգացել ենք: Բարձրաձայնել չեմ սիրում, բայց ես և ամուսինս հեշտությամբ ենք կարողանում միմյանց համար նվերներ ընտրել: Երկուսս էլ սիրում ենք և՛ ստանալ, և՛ նվիրել»:
Արևիկ Ալավերդյանի՝ նախորդ տարվա ամենամեծ ձեռքբերումը որդին է, այս տարվանից էլ սպասելիքները քիչ չեն:
«Տղաս ամբողջ կյանքիս ձեռքբերումն է, մեր կյանքի իմաստը: Ինչ վերաբերում է ձախողումներին, ապա, կարծում եմ, նման բան չի եղել: Համենայնդեպս, եթե չեմ հիշում, նշանակում է՝ չեն եղել… Սպասելիքների հետ կապված էլ կասեմ՝ տարին արդեն իսկ լավ սկիզբ ունի, երեքով ենք, հրաշք ունենք: Ամեն ինչ նրա հետ եմ կապում: Թող առողջ ու երջանիկ տարի լինի բոլորիս համար, մեր երազանքներն ու նպատակներն իրականություն դառնան», - ընդգծեց Ա. Ալավերդյանը:
Համայն հայության գլխավոր մաղթանքն այս տարի մեկն է՝ խաղաղությունը:
«Ուզում եմ այս տարին ավելի բարի լինի: Թող այլևս վատ լուր չլսենք մեր սահմաններից, Աստված պահապան լինի բոլորիս», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: