12/01/2017 18:27
Ձեռնոցները նվիրեցի, իսկ գոտիս միայն օրհնվեց. Արթուր Աբրահամը՝ Հռոմի Պապի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը երեկ Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Aysor.am-ի հետ բացառիկ զրույցում բռնցքամարտիկն այդ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց:
- Արթուր, ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել Հռոմի Պապի հետ Ձեր հանդիպումը, ի՞նչ մտքերով եք փոխանակվել:
- Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին, Վատիկանում: Ես Պապին պատմեցի բռնցքամարտիկի իմ կարիերայի մասին, ասացի, որ հավատում եմ Աստծուն: Նա օրհնեց ինձ, իմ գոտին, ես նրան իմ անվանական բռնցքամարտի ձեռնոցը նվիրեցի:
-Բոլորը գրում են այն մասին, որ նաև Ձեր չեմպիոնական գոտին եք նվիրել…
-Ոչ, միայն ձեռնոցներն եմ նվիրել, իսկ գոտին, ինչպես նշեցի, նրա կողմից օրհնվելու համար էր (ժպտում է):
- Ինքներդ Ֆրանցիսկոս Պապի կողմից որևէ նվեր ստացա՞ք:
- Հավատացեք, նրա օրհնանքն ամենամեծ նվերն էր, որը կարող էի ստանալ ու ստացա:
- Ի՞նչ տպավորություն ունեք Վատիկան այցելությունից և այդ հանդիպումից:
- Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ հրաշալի տպավորություններ եմ ստացել Վատիկանից: Այս հանդիպումն ավելի քան հիշարժան է ինձ համար, քանի որ հանդիպեցի Հռոմի Պապին:
-Կարելի է ենթադրել, որ ամուր հավատք ունեք:
- Իհարկե, հավատում եմ, եկեղեցի եմ գնում, աղոթք անում ու մոմ վառում:
- Գուցե Ձեր որդուն Վատիկանո՞ւմ մկրտեք:
- Դեռ չեմ որոշել, թե որտեղ կմկրտվի որդիս: Բայց, ամեն դեպքում, ցանկանում եմ, որ նրա մկրտությունը Հայաստանում տեղի ունենա:
- Պատահե՞լ է, որ հավատքը օգնել է Ձեզ հանդիպման ժամանակ: Օրինակ՝ դժվար մենամարտի ընթացքում դիմեք Աստծուն և մենամարտի ընթացքը փոխվի ի օգուտ Ձեզ:
- Իհարկե, հավատքը ոչ միայն ինձ, այլև բոլորին է օգնում…
- Արթուր, մի փոքր էլ անդրադառնանք առաջիկա գործունեությանը, հանդիպումներին: Ի՞նչ ծրագրեր ունեք, նոր մենամարտ սպասվո՞ւմ է:
- Այժմ բանակցությունների փուլում ենք, իմ մենեջերը բանակցում է հակառակորդիս մենեջերի հետ: Դեռևս մանրամասներ չեմ կարող ասել, հենց հստակություն լինի, կասեմ:
- Վնասվածք ունեիք, արդեն ապաքինվե՞լ եք:
- Այո, ապաքինվել եմ ու հիմա մարզվում եմ: