12/01/2017 16:20
Կցանկանայի մի փոքրիկ անկյուն ունենալ, որտեղ կարողանայի տիկնոջս և տղայիս հետ հանգստանալ. Ռուբեն Մաթևոսյանը՝ ծննդյան օրվա մասին
ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: 75-ամյա հոբելյարը Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ նախընտրում է ծննդյան օրերն անցկացնել տանը՝ ընտանեկան մթնոլորտում: Ի դեպ, նա այն երջանիկներից է, ովքեր տարվա մեջ երկու ծննդյան oր ունեն:
«Շատ երջանիկ մարդ եմ, քանի որ ամեն տարի հնարավորություն ունեմ երկու անգամ նշելու տարեդարձս: Ես ծնվել եմ դեկտեմբերի 12-ին, բայց անձնագրով հունվարի 12-ին եմ գրանցված: Երկու օրերն էլ շատ եմ սիրում, իմն են… Հունվարի 12-ն իրականում հայրիկիս ծննդյան օրն է: Նա Սպիտակում է ծնվել, ես՝ Երևանում, բայց ինքս ինձ համարում եմ Սպիտակի ծնունդ: Շատ էի ուզում, որ հայրիկիս ծննդյան օրն իմը լինի, այդ պատճառով էլ անձնագրումս ամրագրեցի հենց այդ օրը», - մեզ հետ զրույցում նշեց երգիչը:
Ժողովրդական արտիստին զանգահարել և շնորհավորել են ընկերներն ու գործընկերները: Զանգերից առանձնացրեց Հանրային ռադիոյի զանգը: Շնորհավորական ուղերձներ են հղել Հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, պաշտոնատար այլ անձինք: Ընտանիքի անդամներն էլ փոքրիկ անակնալով են ուրախացրել տան ավագին:
«Թոռնիկներս ինձ համար տորթ էին պատվիրել, որի վրա գրված էր՝ «Աշխարհի ամենալավ պապիկին»: Դրանից ավելի լավ նվեր երբեք չեմ սպասել որևէ մեկից», - ժպիտով նշեց նա:
Հետաքրքրվեցինք, թե ծննդյան ո՞ր տարիքն է առավել տպավորվել նրա մոտ, և արդյոք կարևորում է նաև նյութական նվերները:
«Ամեն տարիք իր հետ բերում է մի նոր անակնկալ և բերկրանք: Չգիտեմ՝ այս տարվա անակնկալն ինչպիսին է լինելու: Շատ կցանկանայի իմանալ՝ այս տարին ինձ ինչ է պարգևել… Ինչ վերաբերում է նյութականին, ես երբեք չեմ պարտադրի մարդկանց, որ ինձ մեծ նվերներով երջանկացնեն: Իհարկե, կան բաներ, որոնցով կարելի է ուրախանալ, բայց երբեք որևէ մեկին իրավունք չեմ տա իր գրպանը դատարկի, ինչ է, թե ես պետք է ուրախանամ: Ես այդ տեսակի մարդ չեմ», - վստահեցրեց մեր զրուցակիցը:
Նկատառմանը, թե անձամբ ի՞նչ կցանկանար, որ 75-ամյակն իրեն պարգևեր՝ Ռ. Մաթևոսյանը խոստովանեց.
«Կցանկանայի մի փոքրիկ անկյուն, տուն ունենալ, որտեղ կկարողանայի տիկնոջս և տղայիս հետ հանգիստս անցկացնել»:
Հարցին, թե արդյոք իր տունը նման հնարավորություններ չի ընձեռում, նկատեց.
«Երևի թե ոչ… Տուն կա, իհարկե, պարզապես մենք շատ-շատ մեծ ընտանիք ենք. երկու տղաներ ունեմ, աղջիկս նոր է ամուսնացել: Բայց ես շա՜տ երջանիկ մարդ եմ, այնքա՜ն երջանիկ, որ չգիտեմ էլ երջանկությունս ինչպես արտահայտեմ:
Հոբելյարը 75 տարիներին քիչ ձեռքբերումներ չի ունեցել, բացթողումներն էլ աննշան են:
«Դեռ ասելիք ունեմ, բայց կարևորում եմ այն, որ կարողացել եմ այս տարիներին ունեցածս ասելիքը երգի միջոցով ժողովրդիս հասցնել: Ես չեմ կարող մարդկանց պարտադրել, որ ինձ սիրեն, ու մեծ ձեռքբերում է, որ իմ արվեստը գնահատելի է դարձել, հայ երգն արժևորվել է… Բացթողումների մասին էլ կարող եմ ասել՝ թե՛ ստեղծագործական, թե՛ անձնական առումով խուսափել եմ դրանցից: Միակ բանն, ինչի համար ափսոսում եմ, այն է, որ ժամանակին չեմ կարողացել ի մի բերել կատարածս աշխատանքը: Թեև, իմ հանդիսատեսն ու հայ երգարվեստի պատմությունը «աչքի տակով» չեն նայել գործունեությանս, գնահատվել եմ արժանավույնս: Այսուհետ պետք է կարողանամ հասցնել այն ամենն, ինչ ինձանից պահանջվելու է», - ընդգծեց Ժողովրդական արտիստը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Ռուբեն Մաթևոսյանին՝ մաղթելով նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ, առողջություն և բարեկեցություն: