14/01/2017 15:25
Հայկական գինին մեծ ներուժ ունի. գերմանացի գինեգործ
Հայաստանում գործող «Ին Վինո» մասնագիտացված գինիների խանութը երեկ հյուրընկալել էր «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի «Ի-Վի-Էն» գինու ակադեմիայի գերմանացի գինեգործ Ջոզեֆին (Josef Watzl)՝ «Արմենիա Վայն» ընկերության «Երևան» գինու համտեսի: Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մասնագետի հետ՝ պարզելու, թե ինչպես է նա գնահատում հայկական գինիները:
Տեղեկացնենք, որ Ջոզեֆը Հայաստանում երկու տարի է, ինչ դասավանդում է 2014թ.-ին ստեղծված Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայում «Էնոլոգիա (գինեգործություն) և գինու բիզնես» առարկան:
Գերմանացի մասնագետն ասաց, որ երկու տարի առաջ նրան այդքան էլ դուր չի եկել հայկական գինին: Սակայն ավելացրեց, որ չնայած դրան՝ հայկական գինին, եթե այն մշակվի ընդունված միջազգային ստանդարտների համաձայն, ապա կարող է լինել մրցունակ, քանի որ ունի բարենպաստ կլիմայական պայմաններ խաղող աճեցնելու համար: Եվ հավելեց, որ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամը աշխատում է հայկական գինին միջազգային մակարդակի հասցնելու ուղղությամբ:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե մինչև Հայաստան գալը տեղյա՞կ եղել է հայկական գինու մասին, պատասխանեց, որ Գերմանիայում հայկական գինիները անհայտ են, և պատկերացում չի էլ ունեցել, որ Հայաստանում կան գինիներ: Հայաստանը Եվրոպայում ճանաչված է իր բրենդիով միայն:
Իսկ թե ինչ հայկական գինի է հիմա նախընտրում, պատասխանեց, որ դա կախված է օրվա ժամից և թե ում հետ է խմում, իսկ ձմռանը խորհուրդ տվեց խմել չոր կարմիր գինի:
Aysor.am-ի թղթակիցը զրուցեց նաև «Ին Վինո» գինիների խանութսրահի աշխատակցի հետ՝ ճշտելու, թե ինչ գինիներ են նախընտրում օտարերկրացի զբոսաշրջիկները և ինչ տեսականի ունեն իրենք:
Աշխատակիցը տեղեկացրեց, որ 4 տարի առաջ, երբ իրենք նոր էին բացվել, ընդամենը հայկական գինիների մեկ շարք ունեին, իսկ հիմա մոտ 80 տեսակ հայկական գինիների տեսականի է ներկայացված: Պատմեց նաև, որ բավական շատ են այցելում ռուսները, սակայն անցյալ տարի միջին տարիքի գերմանացի հաճախորդներ շատ են ունեցել, ովքեր գալիս էին հենց հայկական գինի համտեսելու համար:
Նա նաև պատմեց, որ Հայաստանն արդեն հասցրել է մասնակցել մի քանի հայտնի միջազգային մրցույթներին, օրինակ՝ «Mundus Vini», «The Decanter World Wine Awards» (DWWA) և նվաճել է մի շարք ոսկե մեդալներ:
Իսկ խանութսրահում ամենաթանկ գինին «Զորահ Կարասի»-ն է, որն արժե 70000 դրամ: