14/01/2017 13:14
Երևանում գործող Սառցե քաղաքը հիշեցնում է Անդերսենի սիրված հեքիաթները. Լուսանկարներ
Ազատության հրապարակում ամանորյա տոնական միջոցառումների շարքը երեկ եզրփակվեց համերգով: Aysor.am-ի թղթակիցն այցելեց «Սառցե քաղաք»՝ պարզելու, արդյոք այնտեղ հեքիաթներում պատկերվող սառցե քաղաքների պես ցու՞րտ է:
«Սառցե քաղաք» անվանումն, իրոք, համահունչ էր Երևանում երբևէ եղած խստաշունչ ձմռանը և հիշեցնում էր Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհի» հեքիաթի գլխավոր հերոսուհու սառցե ապարանքը, որի մասին Գերդային պատմում է հյուսիսային եղջերուն.
«Այո՛, այնտեղ հավերժական ձյուն է ու սառույց, որքան հրաշալի է այնտեղ... Այնտեղ է Ձյունե թագուհու ամառային տաղավարը, բայց նրա մշտական ապարանքները Հյուսիսային բևեռի մոտ են, Շպիցբերգեն կղզում» (Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհի» - Aysor.am):
Ազատության հրապարակի գեղեցիկ և հեքիաթային սառցե քաղաքում, անմիջապես տեղափոխվում ես Ձյունե Թագուհու հրաշալի ապարանքը: Սակայն, ի տարբերություն այդ դղյակի, այստեղ շատ ջերմ ու ուրախ մթնոլորտ է տիրում:
Ամենուրեք երեխաներ են: Նրանք անդադար սահում էին ու ընկնում էին, բայց դա ավելի էր զվարճացնում իրենց:
Օպերայի բակը լուսավոր էր և խայտաբղետ: Հնչում էր բարձր պարային երաժշտություն, իսկ ելույթ ունեցող հայկական էստրադային երգիչ-երգչուհիները հավաքվածներին պարբերաբար խորհուրդ էին տալիս իրենց հետ միասին պարել, որպեսզի չսառեն:
Շքեղ հսկա տոնածառը, վառ լույսերը, հին ֆիլմերում հանդիպող կարուսելները, սիրված մուլտհերոսները, սառույցից պատրաստված եղևնին, ամանորյա հրեշտակները հիշեցնում էին վաղուց մոռացված, բայց սիրված մանկության բարի հեքիաթները:
Գլխումդ հնչում են խորհրդավոր խոսքերը.
«Հաճախ գիշերները Ձյունե թագուհին թռչում է քաղաքի փողոցներով և լուսամուտներից ներս նայում, և այդ ժամանակ լուսամուտները ծածկվում են սառցե նախշերով, որոնք կարծես ծաղիկներ լինեն» (Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհի» - Aysor.am):
Սառցե քաղաքում իրենց ամենից լավ զգում էին երեխաները, որոնք, կարծես, Կայի պես ստացել էին Ձյունե Թագուհու համբույրն ու այլևս չէին մրսում.
«Ձյունե Թագուհու համբույրն ավելի սառն էր, քան սառույցը: Այն իր սառնությամբ խոցում ու հասնում էր մինչև սիրտը, որը արդեն իսկ կիսով չափ սառցակալված էր: Մի պահ Կային թվաց, թե մեռնում է, բայց, հակառակը՝ թեթևություն զգաց, և դողն անցավ» (Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհի» - Aysor.am):