16/01/2017 13:20
Ամերիկան և ԵԱՀԿ Մինսկի խումը չեն կարող լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը, նրանք միայն կսրեն իրավիճակը. Վլադիմիր Լեպեխին
ՀՀ և Ադրբեջանի միջև եղած հակամարտությունը կարող է լուծվել միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը՝ ընդգծելով, որ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջամտությունը միայն սրում է իրավիճակը:
«Այս պրոբլեմը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե տարածաշրջանի երկներին հաջողվի ներքին համաձայնության գալ: Ո՛չ Ամերիկան, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումը չեն կարող լուծել այս հարցը, ընդհակառակը՝ ավելի կսրեն այն: Հիմա իրավիճակն այնպես է դասավորվել, որ հակամարտությունը հնարավոր է լուծել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ», - ընդգծեց Վ. Լեպիխինը:
Նրա խոսքով՝ հակամարտության լուծման երկու եղանակ կա՝ 3+3 ձևաչափը, որին կմասնակցեն տարածաշրջանային 6 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան և երկրորդ՝ հակամարտության լուծումը կստանձնի Ամերիկան:
«Առաջին դեպքում կողմերն ի վերջո հակամարտության լուծման շուրջ համաձայնության կգան, իսկ եթե ԱՄՆ-ն խառնվի գործին, ապա նա իրավիճակը կվերցնի իր վերահսկողության տակ և ինքը կորոշի, թե որ տարածքներն է տալիս Հայաստանին, որոնք Ադրբեջանին: Թեև հիմա 3+3 ձևաչափը չկա, մինչդեռ այն նախընտրելի տարբերակ է, քանի որ այսպես կհաջողվի գալ որոշակի համաձայնության», - ընդգծեց նա: