17/01/2017 13:56
Լավրով. Ղարաբաղյան կարգավորումն Ադրբեջանի ներքին հարցը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը աբստրակտ չէ և «բացառապես Ադրեջանի ներքին գործի թեմա» չէ: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին 2016 թվականի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Գործակալության փոխանցմամբ՝ նախարարը հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին հակամարտության սրումից հետո, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և անմիջապես շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդների թվի մեծացման անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
«Ցավոք, նույնիսկ նման տարրական բաները՝ մեխանիզմների ստեղծումը և դիտորդների թվի մեծացումը, չեն կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿ-ում առայժմ փոխհամաձայնություն չկա»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ փոխհամաձայնության բացակայության պատճառների մասին «պետք է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայուցուցիչներից»:
«Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ որոշումների ամբողջ հավաքածու կա, առաջին հերթին՝ որոշումներ, որոնք հակամարտության թեժացման պահին ընդունվել են ՄԱԿ ԱԽ-ում և կրակի դադարեցում են պահանջել»,- հիշեցրել է Լավրովը:
Ամփոփելով խոսքը՝ նա ասել է, որ «պահպանվում է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, բայց ոչ մի դեպքում ուժով, այլ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու դեպքում»: Նա եզրափակել է հայտարարելով, որ այս ամենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, նաև՝ հայտարարություններում և փաստաթղթերում, որոնք ընդունվել և ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կողմից: «Այնտեղ վեճերի խաղաղ կարգավորման մասին նշված է առանց երկիմաստության»,- ընդգծել է Լավրովը:
Նա նշել է, որ տարածաշրջանում արյունահեղ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2016-ի ապրիլին, խորը տագնապ են հարուցում: Միևնույն ժամանակ Լավրովը հիշեցրել է, որ «Ռուսաստանը կարևոր դերակատարում է ունեցել այդ արյունահեղությունը այդ պահին դադարեցնելու հարցում»: