17/01/2017 16:58
Թրամփի և Պուտինի մասին BBC-ի ֆիլմը կանխատեսել է պատերազմ՝ «նախկինից ավելի սառը»
Բրիտանական BBC One հեռուստաալիքը «Թրամփ. Կրեմլի թեկնածո՞ւ» վերնագրով 1․5 ժամ տևողությամբ ֆիլմ է ցուցադրել, փոխանցում է РИА Новости-ն։
Ֆիլմի առանցքային հարցերից մեկը եղել է այն, թե ինչու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հիացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով։ Պատասխանն այն է, որ աջ թևի համաշխարհային առաջնորդները համակրում են Ռուսաստանի նախագահին, քանի որ, ընդհանուր առմամբ, նրանց հիացնում է ուժի դիրքորոշումը։ Այն հարցին, թե արդյոք Կրեմլն իրականում կոմպրոմատ ունի Թրամփի դեմ, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը պատասխանել է․ «Ես գրեթե համոզված եմ, որ Մոսկվայում Թրամփի հյուրանոցի համարում հատուկ սարքավորում է տեղադրված եղել»։
ԱՄՆ նորընտիր նախագահի ապագա կառավարության կազմի վերլուծությունը հաղորդման հեղինակին հանգեցրել է եզրակացության, որ «մինչ կառավարության որոշ անդամներ չափազանց քննադատաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, մյուսները զարմանալի կերպով մոտ են նրան»:
Լրագրողը Թրամփի կոշտ հայտարարություններում, մասնավորապես, ուղղված CNN հեռուստաալիքի դեմ, որին նորընտիր նախագահն անվանել է «կեղծ լուրերի ստեղծող», տեսնում է «ռուսական քաղաքականության հետքը»։
Եթե Թրամփի և Պուտինի ճանապարհները բաժանվեն «մեր առաջ նոր սառը պատերազմի հեռանկարն է՝ նախկինից ավելի սառը»՝ նշում է լրագրողը: