17/01/2017 18:46
Այդ օրը դպրոցում ում տեսնում էի, ասում էի, որ ծնունդս է, հրավիրում եմ. Արտյոմ Հակոբյանը դարձավ 40 տարեկան
Ռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար, ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի անդամ Արտյոմ Հակոբյանն այսօր նշում է 40-ամյակը: Հյուրասեր հոբելյարն այս տարի որոշել է օրն անցկացնել միայն մտերիմ մարդկանց շրջապատում:
«Սովորաբար, ամեն տարի շատ հյուրեր եմ ունենում: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ընդանրապես չեմ պլանավորել, թե ինչպես եմ նշելու, բայց անկանխատեսելի, մեծ խնջույք է դարձել: Սակայն այս անգամ ընտանեկան միջավայրում կնշեմ: Պատճառը ոչ միայն այն է, որ 40-ամյակը չեն տոնում, այլ, որովհետև այս տարի այսպես է ճիշտ. մեծ խնջույք չի՛ լինի», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց Ա. Հակոբյանը:
Առաջին շնորհավորանքները հնչել են ուղիղ կեսգիշերին՝ ընտանիքի անդամների կողմից: Տոնական տորթն ու ծննդյան «Happy birthday»-ն էլ տոնի բաղկացուցիչ մասն էր:
Կանանց պարագայում տարիքը վախեցնող է: Հարցին՝ ինչպիսի՞ն է տղամարդկանց զգացողությունը կյանքի 40-րդ տասնամյակ ոտք դնելու շեմին՝ պատասխանեց.
«40 տարին, կարծում եմ, ինչ որ չափով անցումային տարիք է տղամարդու համար: Ապրածը վերարժևորելու, կյանքի մի նոր շրջան մտնելու, նոր թափ առնելու և ավելի մեծ գործերի սկիզբ դնելու տարիք է: Որքան մեծանում, այնքան առավել իմաստուն ես դառնում, ու դա բնական է»:
Ծննդյան տարեդարձերից յուրաքանչյուրը մեր հիշողության մեջ տարբեր կերպ է տպավորվում: Ռեժիսորի կյանքում դա մանկության տարեդարձն էր, երբ առաջին անգամ բոլորին հրավիրել էր:
«Ես շատ եմ ունեցել հիշարժան ծննդյան օրեր: Բայց ամենահիշարժանը, որը երևի ամբողջ կյանքում չեմ մոռանա, 10 ամյակս էր՝ 1987 թվականը: Այդ ժամանակ ծնողներս ասացին, որ ես կարող եմ դասընկերներիս հրավիրել մեր տուն: Ես հարցրեցի՝ բոլորի՞ն, պարզվեց՝ այո: Այդ օրը դպրոցում ում տեսնում էի, ասում էի, որ ծնունդս է, հրավիրում եմ: Երեկոյան այնքան մարդ եկավ դպրոցից ծնունդիս, որ մեր տանը պարզապես տեղ չկար: Ծնողներս հասկանալով, որ ոչ միայն դասարանս, այլ ամբողջ դպրոցն է գալու, ամբողջ տունը արագ դատարկեցին և հարևաններից սեղաններ, աթոռներ, սպասք բերեցին: Ամեն ինչ այնքան լավ անցավ, որ ես ուրախությունից հուզվել էի, գրկել ծնողներիս և ասում էի, որ սա իմ կյանքի ամենաերջանիկ ծնունդն է», - ժպիտով ու մի փոքր էլ հուզմունքով վերհիշեց օրվա հերոսը:
Դիտարկմանը, թե որոնք են 40 տարիների իր ձեռքբերումներն ու բացթողումներն, ընդգծեց.
«Ամենամեծ ձեռքբերումներս երեխաներս են: Ես նրանցով հպարտ եմ և ապրում եմ իրենցով: Բացթողումների մասին չէի ուզենա խոսել: Բացթողումները և սխալները հանրային քննարկման համար չեն, դրանցից պետք է սովորել, փոփոխել որոշ բաներ և շարժվել դեպի նոր ձեռքբերումներ՝ մոռանալով ձախողումները»:
Ռեժիսոր-հաղորդավարը մեկ ցանկություն ունի՝ չկորցնել երբևէ առաջ գնալու ուժն ու ձգտումը: Ինքն իրեն ուժ և առողջություն է մաղթում՝ նորը ստեղծելու և կատարելագործվելու համար:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Արտյոմ Հակոբյանին՝ մաղթելով առողջություն, գործնական և անձնական հաջողություններ ու ձեռքբերումներ: