19/01/2017 15:11
32 մլն դոլար և 2500 աշխատատեղ. Սյունիքի մարզում կհիմնվի ազատ տնտեսական գոտի
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում կհիմնվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ):
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում այսօր նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանը ներկայացնելով ծրագիրն, ասաց, որ նպատակն է՝ ստեղծել նախադրյալներ նոր ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրության համար:
Հաշվի առնելով Իրանի հետ հարատև առևտրատնտեսական հարաբերությունները, որոշվել է տեղակայումն իրականացնել Սյունիքի մարզում՝ սահմանագծին հնարավորինս մոտ:
Ընտրվել է Ագարակ քաղաքում առկա հողատարածք: ԱՏԳ-ն զբաղեցնելու է 10-15 հա տարածք, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածք ընդլայնման հնարավորություն:
Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը, ընդհանուր գումարը կլինի շուրջ 32 մլն դոլար:
«Ակնկալում ենք, որ 10 տարիների ընթացքում կազմակերպիչ ընկերության հասույթը կկազմի 52 մլն ԱՄՆ դոլար: Շահութաբերության ներքին նորմը կազմում է 12%, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերությունը կունենա 60-70 աշխատող», - ներկայացրեց Արամ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ կանխատեսումներ են իրականացվել, որ 10 տարիների ընթացքում կներգրավվեն շուրջ 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ:
Արտահանման համար թիրախային երկրներ նախանշվել են Իրանը, ԵԱՏՄ անդամ երկրները, Մերձավոր Արևելքի անդամ երկրները:
«Ներդրումների գծով ընդհանուր կանխատեսումները գնահատում ենք շուրջ 350-400 մլն դոլար: Կստեղծվի շուրջ 2500 աշխատատեղ»,- ասաց Արամ Վարդանյանը:
Նա նշեց, որ տարածքը կլինի ցանկապատված, ինչպես նաև տեղակայված կլինի մաքսակետ, որը կապահովի հատուկ մաքսային ռեժիմ:
«Կլինի արտադրական տարածք՝ 40 000 քմ, գրասենյակային՝ 10 000 քմ: Կլինի պահեստային տարածք, ինչպես նաև բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված կլինեն բանկեր, ապահովագրական ընկերություններ, պետական ծառայություններ կմատուցվեն, նոտարական գրասենյակ, սննդի կետեր, կոնֆերանս դահլիճներ, ցուցահանդեսների կազմակերպման համար տարածքներ», - նշեց ներդրումային ծրագրի բաժնի պետը:
«Ուսումնասիրելով թիրախային շուկաների կառուցվածքը, նախանշվել են գերակա 6 հիմնական ուղղություններ. գյուղմթերքի, սննդի վերամշակում, արդյունաբերություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, նոր, բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն և տեքստիլ արդյունաբերություն», - ասաց Արամ Վարդանյանը՝ հավելելով, որ ծրագրի իրագործումը ենթադրում է պետության հետ սերտ համագործակցություն: