19/01/2017 12:54
НГ. «Գազպրոմը» Վրաստանին թելադրում է իր կանոնները
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը նախաձեռնել է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հրավերը խորհրդարան՝ օրերս ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքած պայմանագրի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այս տարվանից ռուսական ընկերությունը Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցման համար վճարելու է ոչ թե Հայաստան մատակարարվող վառելիքի ծավալի 10 տոկոսով, ինչպես նախկինում, այլ գումարով:
Կնքված պայմանագիրն ընդդիմությունը «դավաճանական» է անվանում և պատրաստ է բողոքի հանրային ակցիաներ անցկացնել:
Վրաց նախարարի խոսքով՝ Հայաստան գազի տարանցման վճարը լինելու է Եվրոպայում ամենաթանկը:
«Այլ ելք մենք պարզապես չունեինք», - հայտարարել էր Կալաձեն Վրաստան վերադառնալուց հետո:
Ինչպես հայտնում է «Независимая Газета»-ն, տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին նշում է, որ ընդդիմության մեղադրանքները հարկավոր է դիտարկել որպես զուտ քաղաքական հայտարարություններ, բայց դա չի նշանակում որ «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանագրի վերաբերյալ հարցեր չկան: Նրա խոսքով՝ հանրության հետաքրքրությունն առաջացնում է այն, թե ինչու է հենց հիմա դադարեցվել Վրաստանի համար շահավետ պայմանագիրը, ինչ փաստարկներ է ներկայացրել «Գազպրոմ»-ն այս անգամ, որ վրացական կողմը ստիպված է եղել զիջել, արդյոք դրանք վտանգ են պարունակում Վրաստանի համար:
Նա նշել է, որ նախկին պայմանագիրը շահավետ է եղել Վրաստանի համար, բայց չի կարելի չհամաձայնել ռուսական կողմի փաստարկին, որ ամբողջ աշխարհում այլ չափանիշներ են գործում: Նրա խոսքով՝ միջոցները, որոնք Վրաստանը կստանա «Գազպրոմ»-ից, թույլ չեն տա նրան գազ գնել այն ծավալով, որը մնում էր նախկինում:
Փորձագետը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը վերջին տարիներին ծայրահեղ դժկամությամբ էր համաձայնում գործող պայմանագրի երկարացմանը և ստիպված էր դա անել՝ ունենալով Հայաստան գազի մատակարարման հարցում ռազմավարական շահ:
«Հիմա, ըստ էության, նոր պայմանագրի վերաբերյալ մեկ հարց կա՝ իրավիճակի ի՞նչ փոփոխություն է ստիպել վրացական կողմին հանձնվել ռուսական կողմին», - ասել է Խուխաշվիլին: