19/01/2017 15:45
Սյունիքի մարզում հիմնվող ազատ տնտեսական գոտում գործելու է Duty free համակարգ. Փոխնախարար
Սյունիքի մարզում հիմնվող ազատ տնտեսական գոտին ունի առանձնահատկություն, որը սահմանված է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով:
«Ամբողջ ԵԱՏՄ-ում լինելու է 7 ազատ տնտեսական գոտի, որոնք ունենալու են այդ առավելությունը. դա տարածքում աշխատող, այցելող մարդկանց համար Duty free համակարգով՝ առանց մաքսատուրքի գնելու հնարավորությունն է: Մնացած բոլոր տնտեսական գոտիներում այդպիսի հնարավորություն չկա» ,- լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով ազատ տնտեսական գոտու առավելություններն ու հնարավորությունները՝ ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Փոխնախարարը նաև նշեց, թե հույս ունեն տարբեր երկրներից ներգրավվել փորձ ու համապատասխան ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև կապեր ունեցող ձեռնարկությունների:
«Կներգրավենք բոլոր ծրագրերը, որոնք կան, կփորձենք համադրել և ընտրել այն ծրագիրը, որն առավել նպաստավոր կլինի և կբավարարի երկրի զարգացման նպատակներին: Առաջարկները լինելուն պես կներկայացվեն կառավարությանը, համապատասխան քննարկումներից հետո կառավարության որոշմամբ կստեղծվի ազատ տնտեսական գոտին» ,- ասաց Հովհաննես Ազիզյանը՝ հույս հայտնելով, որ մինչև ապրիլ կլինի այդ որոշումը:
Փոխնախարարն ասաց, որ ազատ տնտեսական գոտու հիմնման գործընթացն իրականացվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա:
Ավելի վաղ նշել էինք, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում, կհիմնվի ազատ տնտեսական գոտի՝ 10-15 հա տարածքով և շուրջ 2500 աշխատատեղով: