19/01/2017 17:05
Հետաքրքիր լուսանկար անելու համար յուրահատուկ մտածելակերպ է պետք. Հարցազրույց՝ Սամվել Սևադայի հետ
Այս տարի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Արվեստանոց» հիմնադրամը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնել է «Երևան» միջազգային լուսանկարչական փառատոնը: Փառատոնը նախատեսվում է իրականացնել 2017 թվականի սեպտեմբերի 12-16 ընկած ժամանակահատվածում: Դրա շրջանակում 2 ծրագիր է նախատեսվում Հայաստանի 10 մարզում, Արցախում և Ջավախքում կազմակերպել հայտնի լուսանկարիչների ֆոտոցուցադրություններ, նաև՝ նրանց մասնակցությամբ վարպետաց դասեր: Փառատոնի ժյուրիի կազմում լինելու է նաև լուսանկարիչ Սամվել Սևադան, ում հետ զրուցել է Aysor.am-ը::
- Ինչպես արդեն հայտարարվել է, այս տարի Հայաստանում նախատեսված է անցկացնել «Երևան» միջազգային չափանիշներով լուսանկարչական փառատոն: Դուք լինելու եք ժյուրիի կազմում, ասեք, թե որո՞նք են լինելու այն չափանիշները, որոնցով առաջնորդվելու եք ընտրություն կատարելիս:
- Նախ, շատ վաղ է խոսել ընտրություն կատարելու մասին: Չափանիշներն, իհարկե, հստակ են, բայց դրանց մասին հետո: Մենք դեռ ընտրության մասին չենք խոսում, խոսում ենք մասնակցության մասին: Մեզ համար կարևորը երիտասարդ լուսանկարիչների մասնակցությունն է, ոչ թե՝ հաղթողներին որոշելը: Միակ պահանջն այն է, որ լուսանկարներում պահպանված լինի գեղարվեստական կողմը, քանի որ այսօրվա լուսանկարչական սարքերի հնարավորություններն այնպիսին են, որ բոլորն էլ կարողանում են որակյալ լուսանկարներ ստանալ: Սպասելիքներ ունեմ, որ մասնակիցները կապահովեն լուսանկարների գեղարվեստական մակարդակը, քանի որ Հայաստանում բավական ընդունված, լավ լուսանկարիչներ կան: Ինքս դասավանդում եմ Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության ֆակուլտետում, աշխատում եմ առաջին կուրսի և մագիստրատուրայի ուսանողների հետ: Պիտի ասեմ, որ սովորում են շնորհալի, տաղանդավոր երիտասարդներ, որոնք բավականաչափ տիրապետում են այդ արվեստին: Բացի այդ՝ մենք փառատոնի մասնակիցների համար կազմակերպելու ենք Հայաստանի տեսարժան վայրերով էքսկուրսիաներ, որոնց ընթացքում ուղղորդելու ենք իրենց կատարելու լուսանկարներ, որոնք լավագույնս կբացահայտեն մեր երկրի դեռևս չբացահայտված կողմերը: Փառատոնի նպատակը երիտասարդությանն օգտակար լինելն է:
- Այդ փառատոնի շրջանակում կազմակերպվելու են վարպետաց դասեր նաև Ձեր մասնակցությամբ: Մի փոքր կպատմեք՝ ի՞նչ եք նախատեսել այդ դասընթացներին:
- Հիմնականում մասնակիցներին ծանոթացնելու ենք Հայաստանի տեսարժան վայրերին, քանի որ փառատոնի թեման Հայաստանն է: Փառատոնը միջազգային է, ուստի լինելու են մասնակիցներ արտերկրից, ովքեր լուսանկարչական լեզվով կներկայացնեն Հայաստանը: Քանի որ արդեն երկար տարիներ է, ինչ շրջում եմ մեր երկրում, ծանոթ եմ ամեն քար ու թփին, բնականաբար, կարող եմ մասնակիցներին տանել այն վայրերով, որտեղ կկարողանան բացահայտել իրենք իրենց, նաև մեր սքանչելի երկիրը: Բացի դրանից, կցուցադրեմ իմ արդեն տպագրված աշխատանքերը, որոնք կարող են օգնել երիտասարդ լուսանկարիչներին ավելի ինքնատիպ լուծումներ գտնել: Բնականաբար, կլինեն նաև դասախոսություններ՝ հարց ու պատասխանի ձևաչափով:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պակասում հայ լուսանկարիչների աշխատանքներում:
- Ոչինչ չի պակասում: Հարցը պակասելը չէ: Հարցն այն է, որ անընդհատ կարելի է լրացնել: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ ուսանողներիս հետ պատահաբար հայտնաբերեցինք մեկ ուրիշ Հին Երևան: Օրինակ՝ ես սիրել եմ նկարել աշխատավորներին, բավականին հետաքրքիր կադրեր են ստացվել, ունեմ շատ լուսանկարներ այդ թեմատիկայով, բայց դա չի նշանակում, որ թեման իրեն սպառել է: Միշտ կարելի է գտնել ավելի հետաքրքիր բաներ:
- Կարևոր է արդյոք լուսանկարչին իմանալ գեղանկարչության հիմնական նրբությունները:
- Խիստ ցանկալի է: Գեղանկարչական գիտելիքները օգնում են հասկանալու լուսանկարի կոմպոզիցիան, զարգացնելու մտածելակերպը, գունային հարաբերությունները ճշտելու, ավելի գրագետ տեսարանները նկարելու, լուսանկարի բալանսը կառավարելու համար: Ցանկալի է, որ լուսանկարիչը պատկերացում ունենա գեղանկարչության և գծանկարչության մասին: Հիմա իմ ուսանողներին տանում եմ արվեստանոց, որպեսզի, ձեռքով նկարելով, հասկանան կոմպոզիցիայի գաղտնիքները: Այցելություններ եմ կազմակերպում Ազգային պատկերասրահ՝ ծանոթացնելու այն արժեքներին, որոնք կարող են հիմք ծառայել լավագույնս կազմակերպելու լուսանկարի մակերեսները, կոմպոզիցիան:
- Ավելի վաղ կարծիք էիք հայտնել, որ լուսանկարիչներին պետք է սովորեցնել մտածել:
- Երբ ուսանողներիս առաջին անգամ հանդիպեցի, ասացի, որ իրենց չեմ սովորեցնելու լուսանկարչական ապարատով ուղղակի «չխկացնել», այլ սովորեցնելու եմ մտածել: Լավ լուսանկար անելու համար պետք է ունենալ յուրահատուկ մտածելակերպ, իսկ յուրահատուկ մտածելակերպի համար պետք է ընդհանրապես լինել զարգացած: Այսօրվա լուսանկարչական սարքերն այնքան կատարյալ են, որ շատ հեշտ է որակյալ լուսանկարներ ստանալը, սակայն որակյալ լուսանկար տեխնիկապես` չի նշանակում գեղարվեստական լուսանկար:
- Ինչպե՞ս եք վերաբերվում ֆոտոշոփին:
- Շատ լավ: Ֆոտոշոփը ստեղծված է հենց լուսանկարիչների համար: Իհարկե, կան դեռևս արխայիկ մտածելակերպով լուսանկարիչներ, հատկապես հին սերնդի, որոնց համար ֆոտոշոփը անհասանելի է, հետևաբար և արգահատելի: Ֆոտոշոփը ստեղծվել է հենց լուսանկարիչների համար: Առաջ, երբ նկարում էին ժապավենով, լուսանկարները մշակվում էին հենց ժապավենի վրա, իսկ հիմա ֆոտոշոփը հեշտացնում է լուսանկարիչների աշխատանքը:
Ինչ վերաբերում է «Երևան» միջազգային լուսանկարչական փառատոնին, ապա մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ ստեղծագործական աշխատանքում, կազմակերպիչներին էլ՝ ամուր կամք ու եռանդ՝ դժվարին, բայց շնորհակալ աշխատանքը սկսելու և հաջող ավարտին հասցնելու համար: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Սա դեռ սկիզբն է: Ես ամեն ինչով կփորձեմ օգտակար լինել:
Լուսանկարները՝ Սամվել Սևադայի արխիվից: