20/01/2017 12:12
Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը. տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ դատական համակարգը իշխանության այն կարևոր օղակներից է, որի գործունեությունից է նաև կախված ժողովրդավարության ուղին բռնած մեր հանրապետության հեղինակությունը, նրա նորմալ կենսագործունեությունն ու քաղաքացիների բարեկեցությունը:
«Այդ իսկ պատճառով մեր երկրում հատուկ տեղ է հատկացվում դատական համակարգի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և այդ աշխատանքի հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, դատավորների մասնագիտական պատրաստվածությանն ու արհեստավարժությանը», - նշել է երկրի ղեկավարը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ և աշխատանքում ցուցաբերած արդյունքների համար համակարգի մի խումբ աշխատակիցներ Նախագահի կողմից պարգևատրվել են պետական պարգևներով ու արժեքավոր նվերներով: