21/01/2017 12:39
Եվրոպական դատարանը խոստացել է առաջնահերթ կարգով քննել Վահան Շիրխանյանի գործը. Հայկ Ալումյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վանահ Շիրխանյանի իրավապաշտպանները դիմել են Եվրոպական դատարան, վերջինս էլ խոստացել է առաջնահերթ կերպով քննել Շիրխանյանի գործը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Եվրոպական դատարանը խոստացել է քննել հարցը առաջանահերթ կերպով, ինչը նշանակում է, որ առաջիկայում կարող է ՀՀ-ի համար լինել վճիռ, որի հետևանքով Հայստանը լուրջ ֆինանսական կորուստներ կարող է կրել» , - նշեց Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ ելքը ավելի քան պարզ է, ընդհամենը պետք է պատգարակ տրամադրել՝ Վահան Շիրխանյանի ներկայությունը դատական նիստերին ապահովելու համար:
«Փորձում են տպավորություն ստեղծել, թե Շիրխանյանն ինքը չի ներկայանում, մինչդեռ դատարանն է խոչընդոտում նիստերին Շիրխանյանի ներկայութանը: Դատարանը քաջատեղյակ է, որ Շիրխանյանը չի կարող տեղաշարժվել և անգամ չի էլ պատրաստվում նրան տեղաշարժն ապահովելու միջոցներ ձեռնարկել» , - նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ազատազրկումից ի վեր Վահան Շիրխանյանի առողջական վիճակը զգալի վատացել է և ցանկացած պահի նրա կյանքին վտանգ է սպառնում:
«Շիրխանյանին մատուցված բուժօգնության վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում հատորներ են կուտակվել, մինչդեռ եթե կարդանք դրանց եզրակացությունները, կթվա, որ Վ. Շիրխանյանը գտնվում է կատարյալ առողջական վիճակում և նույնիսկ կարող է Հայաստանի հավաքականի հետ ֆուտբոլ խաղալ, մինչդեռ իրականությունը մեր աչքի առաջ է՝ Շիրխանյանի վիճակը գնալով վատանում է» , - ընդգծեց նա:
Հ. Ալումյանը նաև ասաց, որ Վահան Շիրխանյանի նկատմամբ խախտվել է առողջության իրավունքը, ինչին ՄԻՊ-ն անդրադարձել է իր զեկույցում:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին: