21/01/2017 14:15
Կարեն Կարապետյանին հինգ ամիս է՝ չի հաջողվում կոտրել բանանի մենաշնորհը, «Ելք» դաշինքը դա կանի 47 րոպեում. Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հպարտ է «Ելք» դաշինքով, որ հանուն Հայաստանի Հանրապետության կարողացան կանգնել իրար կողքի:
«Ես հպարտ եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությամբ, ես հպարտ եմ «Հանրապետություն» կուսակցությամբ, ես հպարտ եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, մենք բոլորս հպարտ ենք իրարով», - «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովի ժամանակ հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ապրիլի ընտրություններին հայ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի:
«Մեր խնդիրն է, որ մենք մեր համախոհներին, Հայաստանի ժողովրդին օգնենք հասկանալու՝ որ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք են, որ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենց քաղաքական կամքը, քան իրենց քաղաքական ընտրությունը ու մենք այստեղ ենք որպես երաշխավոր, որ ի կատար ենք ածելու ՀՀ քաղաքացիների կայացրած այն որոշումը, որով նրանք կընտրեն ընտրությունը, փոփոխությունը, հաղթանակը», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եկել է ժամանակը Հայաստանի քաղաքացիներին ցույց տալու, որ եկել է ժամանակը փակելու կոռումպացված Հայաստանի էջը ու բացելու լուսավոր Հայաստանի էջը:
«Եկել է ժամանակը փակելու խնամի, ծանոթ, բարեկամով Հայաստանի էջը ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը ու բացելու Հայաստանի Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք ու բաժնետեր է զգում իր հայրենիքում», - նշեց նա:
ՔՊ վարչության անդամը շեշտեց՝ ստեղծելու են այնպիսի Հայաստան, որտեղ վերադառնում են, ոչ թե փախնում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին չորս-հինգ ամիս է՝ չի հաջողվում կոտրել բանանի մենաշնորհը, բայց «Ելք» դաշինքին դրա համար անհրաժեշտ է լինելու ընդամենը 47 րոպե:
«Ես բացարձակապես չեմ հավատում այն իշխանությանը, այն էլիտային, որը խոսում է, թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում է բերելու ու ամեն տարի հարյուր հազարներով դատարկում է Հայաստանը՝ մարդկանց ստիպելով հեռանալ Հայաստանից, ես չեմ հավատում փոխզիջումների մասին այն խոսակցություններին, որոնք հաշվի չեն առնում մի բան ՝ Ադրբեջանը 7 միլիարդի զենք է առել, որ փոխզիջման գնա՞, իհարկե ոչ», - նշեց Ն. Փաշինյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, հայկական պետականությունը ավարտ չի ունենալու:
«Մենք ունենք բարձր քաղաքացիական ու քաղաքական գիտակցությամբ հանրություն: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե «Ելք» դաշինքը, կեցցե գարունը, որ գալու է երկու ամսից», - հավելեց նա: