21/01/2017 22:00
Նախագահ. Շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ երբեք չեն ընթացել
«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ չեն ընթանում: Երբեք այդպիսի բանակցություններ չեն եղել: Այն, որ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, սա միանշանակ է», - վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ հանդիպման ընթացքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կողմերի համար պետք է ընդունելի լինեն խաղաղապահ ուժերի կազմն ու սկզբունքները:
Ս.Սարգսյանը նշել է, որ բանակցություններում չեն խորացել այս կետի շուրջ, որովհետև մնացած կետերի շուրջ համաձայնության չեն եկել:
Ի պատասխան հանդիպման մասնակիցների մեկի հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը տարածքային աճ ունեցավ, արդյոք ժամանակը չէ՞ նրանց պատժել՝ ստիպելով ընդմիշտ լռել, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես երբեք չեմ եղել այն տեսակետի կողմնակիցը, որ մենք կարող են Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել: Ժամանակակից աշխարհում ռազմական գործողություններ սկսել և այլ երկրի տարածքներ գրավել և ասել՝ սա իմն է, կարող են անել միայն պետությունները, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում, որոնք տասնյակ անգամ գերազանցում են իրենց հակառակորդին»:
«Ենթադրենք, մենք ձեռնարկեցինք ռազմական օպերացիա, գրավեցինք ևս երկու-երեք շրջան: Հետո ի՞նչ է լինելու արդյունքում: Ադրբեջանցիները հանձնվելո՞ւ են: Եթե դու այլ բան նկատի ունես, դա, իհարկե, ևս տարբերակ է: Նկատի ունեմ, որ երբ նրանք սկսում են ռազմական գործողություններ մենք ոչ միայն պաշտպանվենք, այլ նաև գործողություններ նախաձեռնենք: Դա տարբերակ է, և այդ տարբերակը մշտապես մեր կողմից դիտարկվում է: Բայց մեզ համար ընդունելին այն է, որ կարողանանք Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել, վերջնական կարգավիճակ տալ», - ընդգծել է Ս.Սարգսյանը։
Անդրադառնալով անկախության տարիների մեր ամենախոշոր ձեռքբերման մասին հարցին, նախագահ Սարգսյանը նշել է. «Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բանակն ապացուցեց, որ կայացել է: Մեր բանակը այն ռեսուրսներով, որ հատկացրել ենք, կարողացել է դառնալ հայրենիքի պաշտպանը: Եվ, չնայած տարբեր հանգամաներին, մեր բանակը սիրված է մեր ժողովրդի կողմից: Այս 25 տարիների ընթացքում մեր բանակը կրթել և դաստիարակել է հարյուր հազարավոր երիտասարդների: Ես չեմ բացառում, որ ոմանք դժգոհ են եղել բանակում եղած տարբեր խնդիրների պատճառով: Այո, ունեցել ենք կորուստներ բանակում, ունեցել ենք նույնիսկ անտեղի կորուստներ, բայց հարյուր հազարավորները բանակից քաղել են, երևի, այնքան, որքան տվել են բանակին: Բանակն իր գոյությամբ այսօր ձեռքբերում է»:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ նախագահը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: