21/01/2017 13:28
Բոլորը «մուտք» են փնտրում, մենք՝ «ելք». Էդմոն Մարուքյան
Հայ ժողովուրդը կարոտ է խաղաղ, ընտրություններով իշխանափոխության, այսօր «Ելք» դաշինքի համագումարին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Այստեղ գալիս մտածում էի` մեքենաս ո՞րտեղ կայանեմ: Այդ հարցով զբաղվող քաղաքացուն ասացի` «այստեղ կարո՞ղ եմ կայանել», ինչին ի պատասխան ասաց` «դու պրոբլեմ չունես»: Զգացի, որ ճանաչել է ինձ ու շարունակեցի, ասացի` «գնում եմ, մեր դաշինքի համագումարին, «Ելք» դաշինք, լսե՞լ եք», պատասխանեց` «լսել եմ, բայց դուք մազալու մարդիկ եք, հիմա բոլորը մուտք են փնտրում, դուք ընկած ելք եք ման գալիս»: Ես վստահ եմ, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ էլ այս օրերին մեզ հետ ելք են փնտրում: Ես էլ ուզում եմ հասկանալ` կա՞ ելք այս իրավիճակից», - դահլիճում հավաքվածներին հարց ուղղեց ԱԺ պատգամավորը, ինչին ի պատասխան ներկաները ծափահարեցին:
Է. Մարուքյանը նշեց, որ երեկ ամբողջ աշխարհը հետևում էր, թե ինչպես է ԱՄՆ-ում տեղի ունենում խաղաղ իշխանափոխություն:
«Այդ իշխանափոխությունը տեղի ունեցավ կայացած ընտրությունների արդյունքում, և հայ ժողովուրդն ու բազմաթիվ ժողովուրդներ կարոտ են նման խաղաղ իշխանափոխության: «Ելք» դաշինքը և դաշինքի գործողությունները միտված են խաղաղ իշխանափոխության», - ասաց Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` այս օրերին լրագրողները հաճախ են հարց տալիս` իսկ ու՞մ կմիանա «Ելք»-ը.
««Ելք» դաշինքը չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար: «Ելքը» ստեղծվել է միավորելու, ներառական գործընթաց սկսելու համար: Այդ գործընթացն անհրաժեշտ է ընտրությունների միջոցով փոփոխություններ բերելու ու հաղթանակ արձանագրելու համար: Ցանկացած համահայկական խնդրի լուծման բանալին ուժեղ Հայաստանն է», - ասաց «Լուսավոր Հայաստանի» խորհրդի նախագահը: