21/01/2017 12:55
Հայաստանում շատ են արժևորում կրթությունը. Վանաձորում բացվեց Յանդեքս ծրագրավորման դպրոցը (Տեսանյութ)
Հունվարի 20-ին Վանաձորում բացվեց «Յանդեքս» ընկերության ծրագրավորման դպրոցը: Այն նախատեսված է հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների համար` որպես լրացուցիչ կրթություն: Այսօրվանից դպրոցում ուսուցումը կսկսի մրցութային կարգով ընտրված 28 աշակերտ:
Հայաստանում ծրագրավորման դպրոց բացելու որոշումը, «Յանդեքսի» ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովի խոսքով, համպատրաստից եղավ.
«Սկզբում, ինչպես գիտեք, Հայաստան եկան «Յանդեքս.Տաքսի», «Յանդեքս.Քարտեզներ» սերվիսները: Մեր ընկերությունում ավանդույթ ունենք, երբ ինչ-որ տեղ գործարկում ենք մեր սերվիսներն, անմիջապես տեղում փորձում ենք սկսել նաև որևէ կրթական ծրագիր: Դա անում ենք հետագա կայունության համար: Բանն այն է, որ մեր բարդ սերվիսների մշակման համար մասնագետների կարիք կա և ցանկանում ենք վստահ լինել, որ տվյալ շուկայում կլինեն նման մասնագետներ, այնպես որ` հարցով զբաղվում ենք նախապես»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Չերնիշովը:
Նրա խոսքով` դպրոցի բացումն ի սկզբանե Երևանում էր նախատեսված, սակայն ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ քննարկումից հետո որոշում կայացվեց ծրագրավորում սովորելու հնարավորությունը տալ Վանաձորի աշակերտներին:
«Իրականում նման դպրոցների բացումը մայրաքաղաքներում ամեն առումով ավելի հեշտ է, սակայն մարզերում դրա կարիքն ավելի շատ կա: Հայաստանում, ինչպես և Ռուսաստանի դեպքում է, մարզերում կրթության ավելի քիչ հնարավորություն կա: Այնպես որ նախարարության ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի խորհրդով ընտրեցինք մարզային այս քաղաքը»,- ասաց Սերգեյ Չերնիշովը` նշելով, որ Վանաձորում երկու անգամ է եղել ու արդեն իսկ շատ սիրում է այն:
«Յանդեքսի» ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավարը չբացառեց, որ ծրագրի հաջողության դեպքում հնարավոր է դիտարկեն նաև մարզային մյուս քաղաքներում նման դպրոցների հիմնումը:
«Ընդհանրապես մենք զարգացման երեք տարբերակ ենք տեսնում` կամ կբացվենք այլ քաղաքներում, կամ «օն-լայն», հեռահար ուսուցման համակարգ կգործարկենք, ինչը հնարավորություն կտա սովորել բազմաթիվ աշակերտների կամ ծրագիրը կզարգացնենք ու կավելացնենք ուսումնական խմբերի քանակը»,- ասաց Սերգեյ Չերնիշովը:
Նա ընդգծեց, որ վանաձորյան դպրոցում աշակերտների թիվը սահմանափակված չէր: Իրենք ստացել էին 200-ից ավել դիմում, սակայն մրցութային մի քանի փուլերի արդյունքում ընտրվել է 28 աշակերտ.
«Եթե ընտրվեին 50-ը, մենք 50-ին էլ կսովորեցնեինք: Ընդհանրապես մենք հաճելիորեն զարմացած ենք, որ Հայաստանում շատ են արժևորում կրթությունը: Այստեղ յուրաքանչյուր աշակերտի մեջ ներուժ կա, պարզապես պետք է տալ այն իրականություն դարձնելու հնարավորությունը», - ասաց «Յանդեքսի» ներկայացուցիչը:
Մեր զրուցակիցը նշեց, որ դպրոցում աշակերտները կսովորեն ծրագրավորման «Python» լեզուն, այն ընտրվել է քանի որ առավել մատչելի է այդ տարիքի համար: Նա հույս հայտնեց, որ հետագայում այս լրացուցիչ կրթությունը հիմք կդառնա, որպեսզի աշակերտները մասնագիտություն ընտրեն հենց այս ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է ուսուցման վճարին` հիմա դպրոցը անվճար է ու այդպես էլ լինելու է: Եթե մի օր որոշենք այն վճարովի դարձնել, դա կանենք միայն սիմվոլիկ գումարով, քանի որ շատերը պնդում են, որ անվճար կրթությունը չի նպաստում մոտիվացիային: Այնպես որ, եթե վճարովի էլ դառնա`կլինի ուղղակի երեք կոպեկ մոտիվացիան ավելացնելու համար»,- ասաց Սերգեյ Չերնիշովը:
Aysor.am-ը հետաքրքրվեց ու՞մ ֆինանսավորմամբ է գործելու դպրոցը:
«Դպրոցը ֆինանսավորում է«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, իսկ մյուս ծախսերն ընկնում են մեզ վրա` ծրագրի մշակումը, ուսուցիչների ֆինանսավորումը, ծրագրային ապահովումն ուսումնական գործընթացի համար»,- ամփոփեց Սերգեյ Չերնիշովը: