21/01/2017 15:52
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Արագած Ախոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 21-ին ներկա է գտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի «Վերադարձ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
«Վերադարձ»-ը ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված յուրաքանչյուր կտավ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրո ու հիացմունքի արտահայտությունն է:
Արագած Ախոյանի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ և բազմաթիվ արվեստասերներ:
Կարևորելով ցուցահանդեսի կազմակերպումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է պատգամավորին և մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ:
Արագած Ախոյանը երախտիքի խոսք է հայտնել բոլոր ներկաներին՝ մասնակցության և ջերմ խոսքերի համար: