21/01/2017 13:44
ՀՀ Հանրային խորհուրդը Լապշինի հարցով նամակ է ուղարկել Լուկաշենկոյին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով Հայաստանի Հանրային խորհուրդը դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, լրագրողների հետ զրույցում ասաց կազմակերպության մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը:
«Մենք լավ ենք հասկանում, որ այդ հարցը կախված է Բելառուսի նախագահից, ուստի մեր նամակը հասցեագրել ենք նրան: Նամակում արել ենք երկու շեշտադրում՝ առաջինը՝ որ Լապշինի ձերբակալությունը գլոբալ առումով մարդու իրավունքների, ազատ խոսքի, տեղաշարժի կոպտագույն խախտում է: Երկրորդ՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չի, դա գլոբալ տարածաշրջանի անվտանգության խնդիր է: Նաև նշել ենք այն 600-ից ավելի անձանց, որոնք հայտնվել են Բաքվի սև ցուցակում՝ այդ թվում նաև 5 բելառուսցիների, և համոզմունք հայտնել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձման որոշում չի կայացնի», - նշեց Ա. Գասպարյանը:
Նրա խոսքով, Հանրային խորհուրդը լայն քննարկումներ է իրականացրել հունվարի 17-ին, որտեղ հրավիրված բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, տեղեկացրել է, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով, որ նա Ադրբեջանից ներողություն խնդիրի, որպեսզի արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է: