23/01/2017 11:38
Ադրբեջանն ու Բելառուսը լրջացնում են Լապշինի մեղադրանքը, որպեսզի խուսափեն համաշխարհային քննադատությունից. Սամվել Մարտիրոսյան
Բելառուսում բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումն ու հնարավոր արտահանձնումն Ադրբեջան ընդհանուր առմամբ շատ ավելի գլոբալ մտահոգություններ է առաջացնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Բելառուսի իշխանություններն ամեն կերպ փորձում են հաճոյանալ Ադրբեջանի իշխանություններին, ինչն ընդհանուր առմամբ շատ ավելի գլոբալ մտահոգություններ է առաջացնում: Եթե Ադրբեջանն իր ուզած ձևով կարողանում է պահանջել և արտահանձնել ինչ-որ մարդու, սա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Ո՞վ է բացառում հնարավորությունը, որ ՀՀ որևէ քաղաքացի կամ ոչ քաղաքացի, որը հաճելի չէ Ադրբեջանին, չի գնա Մինսկ ու նույն ձևով ինչ-որ մի հոդվածով չի հայտնվի Ադրբեջանում», - ասաց մեդիափորձագետն` ընդգծելով, որ այսպիսով անվտանգության որևէ երաշխիք ինքը չի տեսնում:
Անդրադառնալով, մասնավորապես, Լապշինի գործին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս օրերին Ադրբեջանն ու Բելառուսը փորձում են լրջացնել իրեն ուղղված մեղադրանքը, որպեսզի խուսափեն համաշխարհային քննադատությունից:
«Բելառուսական իրավապահ մարմինները բավականին խառն են աշխատում: Եթե սկզբում միայն տարածքային ամբողջականության հարցն էր դրվում, ապա հիմա Ադրբեջանում տեսան, որ համաշխարհային մեծ աղմուկ է բարձրանում, խոսվում է խոսքի ազատության սահմանափակման մասին: Այնպես որ հիմա Լապշինին փորձում են մեղադրել ահաբեկչական խումբ ձևավորելու մեջ, ինչը բացարձակ աբսուրդ է, սակայն Ադրբեջանում ընդունված է», - ասաց Սամվել Մարտիրոսյանը: