23/01/2017 22:23
Ադրբեջանն իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա է դարձել. Քոչարյան
Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով «Panorama.am»-ի խնդրանքով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ», - ասել է Շ.Քոչարյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը «հնարավոր է միայն միասնական ադրբեջանական պետության կազմում»։