23/01/2017 13:00
Մահացել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանը
Կյանքի 92-րդ տարում մահացել է Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Զախար Ավագի Խաչատրյանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ն, Մշակույթի նախարարությունն ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:
Զախար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին` Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Նրա դպրոցն ավարտելուց հետո սկսվում է Հայրենական մեծ պատերազմն ու Զ.Խաչատրյանը մեկնում է ռազմաճակատ:
Պատերազմի ավարտից հետո նա վերադառնում է հայրենիք և 1946-ին ընդունվում Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որն ավարտում է 1948 թվականին: Շնորհաշատ երիտասարդը արդեն 1950 թվականին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, որն գերազանցությամբ ավարտում է 1956 թվականին: 1959-1962 թթ. աշխատում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում:
1962 թվականին վերադառնալով հայրենիք նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետության մշակութային-հասարակական կյանքին: Մասնակցում հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունենում Պետերբուրգում, Ժնևում, Մոսկվայում, Երևանում, Էջմիածնում, արժանանում մրցանակների ու դիպլոմների:
1970-1992 թվականներին, այնուհետև 2012-ից մինչ կյանքի վերջը նկարիչը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնը՝ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին:
Զախար Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի և կարմիր աստղ շքանշանով, արժանացել պետական բազմաթիվ պարգևների, միջազգային մրցանակների: