24/01/2017 16:12
Բակո Սահակյանը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ դառնալու կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ տիկին Գլեդիս Բերեջիկլյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքներն ու հարուստ փորձը լավագույնս կծառայեն ի բարօրություն նահանգի բնակչության։
Նոր Հարավային Ուելսը, առաջատար դերակատարություն ունենալով Ավստրալիայի տնտեսական ու քաղաքական կյանքում, հայտնի է նաև որպես մի երկրամաս, որտեղ մշտապես կարևորել են ժողովուրդների ազատությունն ու իրավահավասարությունը, մարդու իրավունքներն ու համընդհանուր ժողովրդավարական արժեքները։
Այդ իրողության վառ արտահայտությունն է նաև 2012 թվականի հոկտեմբերի 25-ին նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր շունչ ու բովանդակություն կհաղորդվի Արցախի և Նոր Հարավային Ուելսի միջև բարեկամական կապերին՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության հաստատմանը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»: