25/01/2017 15:12
8 մլն դրամ կտրամադրվի Դսեղում Թումանյանի տուն-թանգարանը տուրիստներին առավել հրապուրիչ դարձնելու համար
Այսօր շատ կարևոր մի իրադարձության սկիզբն ենք ազդարարում: Այս պահից սկսած մեկնարկում են «Թումանյան 150» ծրագրի աշխատանքները, որի շրջանակներում նախաձեռնել ենք մշակութային միջոցառումների շարքեր, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը տեղեկացրեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ ազդարարելով Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը:
Հանդիպմանը ներկա էին ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանն ու Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը:
Ա.Ամիրյանն ընդգծեց՝ միջոցառման շրջանակներում այս գարնանը Թումանյանի ծննդավայր Դսեղ Գյուղում երիտասարդ քանդակագործները հնարավորություն կունենան մեծադիր քանդակների միջոցով ներկայացնելու թումանյանական հերոսներին: Այդ քանդակները կմասնակցեն մրցույթի:
«Ամռանն էլ կազմակերպվելու է երիտասարդ նկարիչների մրցույթ՝ կրկին թումանյանական թեմայով: Հրատարակվելու են բազմաթիվ գրքեր, ալբոմներ: Տարբեր միջոցառումներ են տեղի ունենալու՝ տիկնիկային փառատոններ, ներկայացումների փառատոններ: Այդ շարքը կշարունակվի մինչև 2019 թվականը՝ Թումանյանի 150-ամյակը: Սակայն այս ծրագիրն անկատար կլիներ, եթե Դսեղում գտնվող Թումանյանի տուն-թանգարանում մենք չունենայինք ենթակառուցվածքներ, որոնք շատ կարևոր են տուրիզմի զարգացման համար: Այդկերպ, այցելուն շատ ավելի հարմարավետ կզգա իրեն», - մանրամասնեց նախարարը:
Տուն-թանգարանի հարևանությամբ նախատեսվում է կառուցել փոքրիկ հանգստի գոտի, հուշանվերների կրպակ և սանհանգույց:
«Նախորդ տարի հատվեցին Թումանյանի տուն-թանգարանի առջևի ծառերը, որոնք արդեն սնամեջ էին ու վտանգ կար, որ թեթև քամուց անգամ կարող էին ընկնել ու վնասել թանգարանի շենքը: Այդ ծառերի մնացած բներին մեր քանդակագործների միջոցով Թումանյանական հեքիաթների հերոսների կերպարանք կտանք», - նշեց նա:
Մշակույթի նախարարությունն այս ամենն իրականացնելու համար փորձել է աջակիցներ գտնել: Ճակատագրական դարձավ բոլորովին վերջերս օդանավում տեղի ունեցած հանդիպումը ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի հետ, ով անմիջապես արձագանքեց օգտակար լինելու առաջարկին:
«Սա ինձ համար Աստծո կամքով տեղի ունեցած մի երևույթ էր: Շատ հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ օդանավում ու ես ծանոթացա այս գեղեցիկ նախագծին: Իրականում արձագանքեցի, որովհետև 30 տարի ապրելով ԱՄՆ-ում՝ առաջին անգամ Հայաստան ացելելուց հետո շատ էի հուզվել: Ինքս ծնվել ու ապրել եմ Երևանի Մոսկովյան փողոցում՝ Թումանյանի տուն-թանգարանի դիմաց: Եղա Դսեղում ու հասկացա՝ այս պահանջներն անպայման պետք է կյանքի կոչվեն: Շնորհակալ եմ, որ այս գործին աջակցելու հնարավորությունն ինձ շնորհվեց: Երազանքներիցս մեկն իրականացավ», - ընդգծեց երաժիշտը:
Կարապետ Վարդանյանն էլ կարևորեց Դսեղի Հ. Թումանյանի թանգարանի ենթակառուցվածքների կառուցումը.
«Հատկապես ամռան ամիսներին Թումանյանի անունն ու վաստակը 10-յակ հազարավոր մարդկանց է հասցնում Դսեղ, առավել ևս՝ դպրոցականների: Այդ երեխաները մի քանի ժամ ավտոբուսի մեջ են անցկացնում ու տեղ հասնելուց հետո առաջին հերթին ապարդյուն սանհանգույց են փնտրում: Այնտեղ դրկից տներից մեկի տանտիրուհին դրսում գտնվող արտաքնոցի վրա 100 դրամ է գրել ու այն վարձով է տրամադրում: Երեխան, ով պետք է 200 դրամով թանգարանի տոմս գնի, 100 դրամ էլ արտաքնոցի համար է տալիս»:
Արմեն Ամիրյանը համոզված է՝ այս արձագանքը վարակիչ է լինելու ու տարածվելու է մեր այլ հայրենակիցների մտքերում, ովքեր կմտածեն փոքրիկ ներդրումներով օգտակար լինել մշակույթին:
Համաձայնագիրն այսօր կնքվեց ու ստորագրվեց միայն հուշագրի տեսքով, կառուցապատման գործողությունները կսկսվեն եղանակների տաքանալուն պես: Ծրագրի համար բարերարը տրամադրել է 8 միլիոն դրամ: