26/01/2017 22:05
Նոր պատերազմ սկսողների համար նախատեսված է հրթիռ, որը 15 մետր ճշգրտությամբ իրենց կհայտնաբերի ու կխոցի. ԶՈՒ ԳՇ պետ
Ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում փոփոխական է, քանի որ այն կազմված է մի քանի բաղկացուցիչներից` ռազմական, քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն: 2016 թ.-ին պետությունը ՀՀ զինված ուժերին ընձեռեց հնարավորություն գնել այնպիսի սպառազինություն, որը հենց ռազմաքաղաքական է, այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«Բոլորն, ովքեր փորձեն նոր պատերզմ սկսել պետք է իմանան` իրենց համար նախատեսված է հրթիռ, որը 15 մետր ճշգրտությամբ իրենց կհայտնաբերի ու կխոցի: Ադրբեջանում ցանկացած մարդ պիտի զգա վտանգ ու առանձնահատուկ պետք է զգան այն քաղաքական գործիչներն, ովքեր փորձում են սանձազերծել Արցախի կամ ՀՀ դեմ պատերազմ», - ասաց Մովսես Հակոբյանը:
Նա ընգծեց, որ 2016 թ.-ի ընթացում ՀՀ Զինված ուժերը համալրվել են հիմնականում այնպիսի սպառազինությամբ, որը չեզոքացնում է հակառակորդի ունեցած զինատեսակները։
«2017 թ.-ին այս գործընթացը շարունակվելու է», - ասաց ԳՇ պետը:
Նրա խոսքով` այսօր մի քանի ուղղություններում հայկական կողմը գերազանցում է հակառակորդին, մի քանի ուղղություններում էլ` իրենք հայկական զինված ուժերը, սակայն սա որոշիչ հանգամանք չէ։
«Ռազմական արվեստը ոչ թե սպառազինության կամ անձնակազմի քանակ է, այլ ճիշտ պահին, ճիշտ որոշումներ կայացնելու ու սրա ապացույցն արցախյան առաջին ու ապրիլյան պատերազմներն են», - ասաց Մովսես Հակոբյանը։
«Կարող եմ վստահեցնել, որ հայկական զինված ուժերի կողմից հակառակորդը խոցվելու է պատերազմի նախապատրաստման ժամանակ, հակառակորդը խոցվելու է, երբ փորձի շարժվել դեպի առաջին գիծ ու առանձնապես խոցվելու է հենց առաջին գծում` մեր զինվորի շնորհիվ», - ընդգծեց նա։