26/01/2017 12:05
Հնարավոր է՝ քննարկվել է Վրաստան-Հարավային Օսիա-Ռուսաստան ճանապարհի հարցը. Արսեն Ղազարյան
Կառավարության օրակարգում մշտապես կա ԵԱՏՄ այլ երկրների հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու, կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Իմ կարծիքով, այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիայի տարբերակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը և Հայաստանը մշտապես քննարկում են հարցը, քանի որ գնալով ապրանքաշրջանառությունն աճում է», - ասաց Արսեն Ղազարյանը:
Դիտարկմանը, թե տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ասում էր, որ քննարկվում է Վրաստան-Հարավային Օսիա- Ռուսաստան ճանապարհի հարցը. հնարավո՞ր է, որ վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում քննարկվել է այդ հարցը, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Միգուցե, պատկան մարմիններին հարցրեք»:
Նրա խոսքով՝ Վրաստանն այլ ուղիներ չի կարող առաջարկել, քանի որ կա աշխարհագրական դիրք:
«Մենք ունենք երեք ճանապարհ՝ Աբխազիա, Լարս, Հարավային Օսիա: Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով օգտվում ենք մեկից», - ընդգծեց նա:
Ղազարյանի խոսքով՝ կառուցվող Հյուսիս-Հարավ ճանապարհը կնպաստի և բեռների փոխադրմանը, և տարածաշրջանում Հայաստանի՝ խաչմերուկային դերի վերականգնման մի մասին:
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց ռուսական ու վրացական կողմի հետ քննարկումներ սկսել բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցով: