26/01/2017 10:15
Վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին
92 տարեկանում մահացել է հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանը, հայտնում են Մշակույթի նախարարությունից:
Նրա պրոֆեսիոնալ բարձր մակարդակով կատարված սքանչելի կտավները աչքի են ընկնում գաղափարական պատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են մեր կյանքն ու իրականությունը ժամանակի մեջ:
1970-1992 թվականներին, այնուհետև` 2012-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնը՝ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին:
Զաքար Խաչատրյանը՝ Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ-Պետերբուրգի վետերանների խորհրդի նախագահը:
Հայրենասերի, իսկական քաղաքացու և մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների և գործընկերների սրտում:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Զաքար Խաչատրյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: