27/01/2017 15:39
Տնտեսագետ. Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու գաղափարը արդարացված չէ
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ներդրումների առումով Հայաստանը գրավիչ երկիր չի համարում: Լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի հեռանկարներին, Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ ռուսական կապիտալը Հայաստան բերելու միտքն արդարացված չէ:
«Մենք 300 միլիոնանոց հիմանդրամի մասին ենք խոսում, բայց պարզ չէ, թե ինչո՞ւ ռուսական կապիտալը պետք է Հայաստան գա: Ո՞րն է մեր առավելությունը, եթե Հայաստանում եկամտահարկը 26 տոկոս է, ՌԴ-ում՝ 13, ՌԴ ԱԱՀ-ն 18 տոկոս է, ՀՀ-ինը մոտ՝ 20: Ցանկացած գործարար իր մտքում այս հաշվարկն անում է: ՌԴ-ում բիզնեսն ավելի հարմարավետ է, քան՝ Հայաստանում», - ընդգծեց տնտեսագետը:
Նրա դիտարկմամբ՝ ներդրումների տեսանկյունից ՀՀ-ն գրավիչ դարձնելու համար պետք է Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու հեռանկարը դիտարկել: Տնտեսագետի խոսքով՝ սա թույլ կտա Իրանին Հայաստանի միջոցով մուքտ գործել ԵՏՄ, որից Հայաստանը միայն կշահի:
Օրերս ՀՀ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ռուսական կողմը դրական էր գնահատել Հայաստանի հետ համատեղ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: