27/01/2017 16:18
«Կյանք ու կռիվ» ֆիլմերի հիման վրա վեպ է գրվում. Լուսանկարներ
«Կյանք ու կռիվ» ֆիլմի հիման վրա գրվելու է համանուն վեպ, այս մասին ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ստեղծագործական կազմը:
«Վեպն ընդգրկելու է այս երկու ֆիլմերն ու հիմնված է լինելու Մհեր Մկրտչյանի սցենարի վրա, բայց կարող է համարվել նաև ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություն», - ասաց «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչ Հայկ Համբարձումյանը:
Վեպի հեղինակը Գուրգեն Խանջյանն է: Հայկ Համբարձումյանի խոսքով` գրքի առաջին մասն արդեն պատրաստ է:
«Շատ գեղարվեստական դետալներ կան, սյուժեն մի փոքր այլ դրսևորումներ կունենա, որոնք նորություն կլինեն, սակայն հիմնական գաղափարը պահպանված է ու կքննարկվի սցենարի հեղինակի հետ», - ասաց «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` վեպն, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի արդեն մայիսին: