28/01/2017 10:15
Հայկական բանակը դարձել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոններից մեկը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
«Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի և դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու ու անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը», - ասված է ուղերձում:
Բ. Սահակյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը, կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում, արել է հնարավորը նրա կայացման ու զորացման համար: «Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ձեր ավանդն ու հայրենանվեր ջանքերը», - ընդգծել է ԼՂՀ նախագահը:
«Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմին, մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ՝ համազգային խնդիրների լուծման և հայոց պետականության ամրապնդման ճանապարհին», - նշել է նա: