28/01/2017 10:42
Վիգեն Սարգսյան. Եթե չունենանք խաղաղություն պարտադրող ուժեղ զինված ուժեր` առաջընթացը հնարավոր չի լինելու
Բանակն այն նվաճումն է, որ հայ ժողովուրդը կարողացավ կերտել իր աշխատանքով ու նվիրումով, այսօր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս ամենամեծ ձեռքբերման` բանակի 25-ամյակի կապակցությամբ: Բանակն այն նվաճումն է, որը մեր ժողովրդը կարողացավ կերտել իր աշխատանքով ու նվիրումով և այն դարձավ մեր ազգային միասնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը», - ասաց Վիգեն Սարգսյանն` ընդգծելով, որ բանակի տոնը վերպետական, համազգային բնույթի տոն է:
«Բանակում ընդունված է ասել, որ որևէ մեկն այնքան լավ չգիտի խաղաղության գինը, որքան զինվորականները: Վստահ եմ` մեր պարագայում յուրաքանչյուր քաղաքացի` սահմանապահ գյուղի բնակչից մինչև քաղաքի կենտրոնում բնակվող, բոլորը շատ լավ են հասկանում, որ եթե չլինի խաղաղությունը, եթե մենք չունենանք այդ խաղաղությունը պարտադրող ուժեղ զինված ուժեր` մեր առաջընթացը հնարավոր չի լինելու: Ուրեմն շարունակենք համատեղ աշխատել, մեր նոր հաղթանակները կերտելու ու առաջընթացի համար: Շնորհավոր բոլորիս տոնը»,- ասաց Պաշտպանության նախարարը: