28/01/2017 16:16
Այս երգը մեր ապրած կյանքն է, մեր անցած ուղին, մահվան աչքերին նայելը. «Ախպերս ու ես» երգի իրական պատմությունը՝ փոխգնդապետի մատուցմամբ. Լուսանկարներ, (Տեսահոլովակ)
«Ախպերս ու ես» երգը բոլորին է ծանոթ, սակայն քչերին է հայտնի այս երգի իրական պատմությունն ու հասցեատերերը: Երգը ծնունդ է առել պատերազմի տարիներին՝ հատուկ Ռոմիկ և Ռոլանդ Մխիթարյան եղբայրների համար: Aysor.am-ը բացառիկ հնարավորություն ունի ներկայացնելու այս երգի իրական պատմությունը:
«1993թ Մարտակերտի շրջանի ազատագրման մարտերի ժամանակ մեր ջոկատին միացավ մեր վաղեմի բարեկամ Աշոտ Բեգոյանը՝ գուսան Տոտիկը։ Մեծ Շենի մարտերի ընթացքում նա գրեց մի շարք հայրենասիրական երգեր: Իմանալով իմ և Ռոլանդի մարտական ուղին՝ հատուկ մեզ համար գրեց «Ախպերս ու ես» երգը, որն անչափ դուր եկավ ջոկատի մարտիկներին, և ամեն հարմար պահի տղաներն ամբողջ ջոկատով երգում էին: Շատ արագ այն տարածվեց ռազմաճակատով մեկ. երգում էին խրամատներում, զորամասերում, ամենուր», - Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց ՀՀ ԵԿՄ վարչության անդամ, ՄԷԳՎԱԽ կամավորական ջոկատի փոխհրամանատար, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը:
Ի դեպ, այս ջոկատը կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ 1990-ին Երևանի երկաթգծի կայարանում այս ջոկատի զոհված վեց ազատամարտիկի անունների հապավումով էլ կոչվել է ջոկատը: Հրամանատարն է Ռոլանդ Մխիթարյանը, փոխհրամանատարը՝ Ռոմիկ Մխիթարյանը: Մարտնչել են Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր ռազմաճակատներում։ Հետագայում նրանց են միացել նաև ավագ եղբայրը՝ Ժանը, որդու՝ Արմենի հետ, հրամանատարի որդիներ Արմանը և Արթուրը, փոխհրամանատարի աներորդին՝ Արմենը…
«Ախպերս ու ես» երգը մինչ այսօր էլ արդիական է, այն հնչում է ոչ միայն զորամասերում՝ զինվորների շուրթերից, այլև՝ մեր երաժիշտ-կատարողների կողմից, որոնցից յուրաքանչյուրը փորձում է նորովի ներկայացնել այն: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում մերօրյա երգիչների մեկնաբանմանը և ում կատարումն է առավել հավանում, մեր զրուցակիցը խոստովանեց.
«Տարիների ընթացքում այս երգի մեջ կամաց-կամաց նոր «կուպլետներ» էին ավելացվում, ձևափոխվում էր մեղեդին: Չնայած, որ երգն արդեն ապրում էր իր կյանքը, բայց այս ձևափոխված վիճակով կորցրել էր ամենակարևորը՝ մարտական ոգին: Չէ՞ որ Տոտիկն այս երգը գրել էր որպես մարտական երգ, ոգեշնչող, դուխ տվող: Բայց այսօր դարձել է լացակումած, տարօրինակ մեղեդիով ու դողացող ձայնով երգ: Հավատացեք, ով գիտի իրական երգը, նա հստակ կասի, թե ինչպես են փչացրել… Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ւմ կատարմամբ եմ առավել հավանում, անկեղծ կասեմ՝ ինձ դուր է գալիս միայն իմ, Ռոլանդի, ամբողջ ջոկատի կատարումը… Գիտեք՝ իմ խորին համոզմամբ, եթե մի բան քոնն է, ոչ-ոք չի կարող քեզանից լավ կատարել: Այս երգն ուղղակի երգ չի, սա մի ամբողջ կյանք է և պետք է ապրած լինես այդ կյանքը, որպեսզի կարողանաս պարզ, հասարակ, առանց կոկորդի արաբական խաղերի մատուցես երգը։ Այս երգը մեր ապրած կյանքն է, մեր անցած ուղին, մեր՝ մահվան աչքերին նայելը...Կնայեք, կլսեք, կգնահատեք»:
Այսօր արդեն հնարավորություն կա լսել երգի իրական տարբերակը: Հենց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, հանրությանը կներկայացվի տեսահոլովակը:
«Դիտելուց հետո կզգաք այդ «դուխը»։ Մենք այս երգը միշտ ենք երգել, բայց ռեժիսոր Խաչիկ Եղոյանը որոշեց այն ձայնագրել և տեսահոլովակ պատրաստել: Կայծակնային արագությամբ ամեն ինչ կազմակերպեց, բոլորին խառնեց, դիվադադար արեց և մինչև ուշքի եկանք, արդեն ամեն ինչ արված էր: Ամենակարևորը՝ ջիգյարով է արվել, ամեն մի ընկեր մի գործ արեց և ստացվեց այս գեղեցիկ, ազդեցիկ տեսահոլովակը», - նշեց մեր զրուցակիցը:
Ձայնագրման ու տեսահոլովակի վրա աշխատել են նաև գործիքավորող Վահան Նահապետյանը, հնչունային ռեժիսոր Ստեփան Բերուջանյանը, մոնտաժող Արա Հովհաննիսյանը: Մասնակցել է նաև «Զորական երգչախումբը»՝ Արամ Գալստյանի ղեկավարությամբ։
«Ասեմ, որ տեսահոլովակում ցուցադրվող կադրերը փաստագրական են՝ տարբեր ժամանակահատվածներում նկարահանված, ուր մենք Ռոլանդի, ջոկատի հետ երգում ենք այդ երգը։ Օրինակ, սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ ինձ ուղղված խոսքն իմ հարսանիքին է նկարահանված՝ «Զինուժի» կողմից»… Ցավոք սրտի, այսպիսի երգեր շատ քիչ են ծնվում, իսկ դրանք չափազանց կարևոր ու անհրաժեշտ են: Դրանց վարպետներն են գուսան Հայկազունը, աշուղ Ռազմարը», - նկատեց նա:
Aysor.am-ի հետ զրույցում փոխգնդապետը մեկ գաղտնիք ևս բացեց. ժամանակին ռոք երաժիշտ է եղել, «Էլիպս» ռոք խմբի մեներգիչը (1986 թ.):
Զրույցի վերջում օրվան համահունչ՝ մաղթանքները միայն Հայոց բանակինն էին:
«Շնորհավորում եմ մեր ՀԶՈՐ բանակի կազմավորման տարեդարձը։ Շնորհավորում եմ դիրքերում կանգնած մեր հերոս զինվորներին, բոլոր ազատամարտիկներին, ողջ ժողովրդին, քանզի բանակը համազգային արժեք է։ Մենք՝ ազատամարտիկներս, միշտ մեր զինվորի կողքին ենք, ինչպես կանգնած էինք ապրիլին։ Փառք ու պատիվ և մեծ հաղթանակներ մեզ և մեր բանակին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը: