30/01/2017 09:31
Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածը և միջհամայնքային ավտոճանապարհները, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-6 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում և Իջևան-Բագրատաշեն հատվածում, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու մարզի Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին ձնաբուք է: