30/01/2017 13:18
Ճապոնիան ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Ճապոնիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Տադամոր Օշիման հանդիպման ընթացքում մասնավորապես նշել է, որ ճապոնա-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը շարունակությունն է 2012 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած պաշտոնական այցի:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես կարևորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն ու մասնավորապես նշել. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Ճապոնիա կայանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում»:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին և Հայոց ցեղասպանությանը՝ մասնավորապես նշելով, որ խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ ցեղասպանությունների կանխարգելման գործում առանձնահատուկ դեր ունի արդեն եղած ոճրագործությունների դատապարտումը:
Ցավակցություն հայտնելով ապրիլյան պատերազմի զոհերի համար՝ Ճապոնիայի ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է, որ Ճապոնիան ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ղեկավար Յասուշի Ակահոշիի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ղեկավար Շինիչի Կիտաոկայի հետ: Քննարկվել են տնտեսական, մշակութային և առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր՝ նախանշելով կոնկրետ ծրագրեր, որոնք ապագայում կիրագործվեն: