30/01/2017 16:51
«Մարտիկից» միշտ ակնկալել ենք որակական փոփոխություններ. Հանրայինից մեկնաբանում են հաղորդաշարի փակումը
Տարիներ ի վեր եթեր հեռարձակված ռեյթինգային հաղորդումներից մեկը՝ «Մարտիկ» հաղորդաշարը դադարեցրել է աշխատանքը: Հանրային հեռուստաընկերության եթերում վերջին անգամ «Մարտիկ» հաղորդումը եթեր հեռարձակվեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ դրվագով: Ըստ մամուլում եղած հրապարակումների՝ հենց այդ մասնակցությունն էլ ճակատագրական դարձավ հաղորդումը փակելու գործում:
Aysor.am-ը կապ հաստատեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ՝ հետքաքրքրվելով, թե ինչո՞վ էր պայմանավորված գրեթե 23-ամյա հաղորդման կասեցումը: Արդյոք զուգադիպություն էր այն փաստը, որ հաղորդաշարը փակվեց խոսակցությունների առիթ դարձած հենց այս թողարկումից հետո:
««Մարտիկ» հաղորդաշարը Հանրային հեռուստաընկերության՝ Հայոց բանակին վերաբերող մի շարք նախագծերից մեկն է՝ ի թիվս «Զինուժ», «Նվիրյալները», «Իմ բանակը» ծրագրերի։ Ավելին, մեր եթերում է նաև պարբերաբար ներկայացվում Ցվետանա Պասկալևայի կողմից հեղինակած Արցախյան պատերազմի մասին վավերագրական շարքը: Հանրային հեռուստաընկերության առաքելության առաջնահերթություններից, ի թիվս մշակութային, կրթական և դաստիարակչական ծրագրերի ներկայացումը, Հայոց բանակի թեման է, մեր զինվորի կյանքը, նրա ոգին բարձր պահելն ու համապատասխան իրազեկման ապահովումը։ Սակայն հեռուստաընկերությունը՝ որպես դինամիկ զարգացող կառույց, չի կարող չանդրադառնալ և փոփոխություններ չառաջադրել իր հաղորդացանցում՝ այն լսարանի համար առավել հետաքրքիր և ժամանակակից դարձնելու նպատակով։
Բնականաբար, այդ փոփոխությունները վերաբերում են նաև մեր բանակին նվիրված նախաձեռնություններին, հակառակ դեպքում՝ մեր եթերում զուգահեռաբար չէին ներկայացվի նոր ծրագրեր: Ընդամենը 2 տարի է, ինչ հաջողությամբ իրականացվում է «Նվիրյալները» հաղորդաշարը, որն անդրադառնում է Արցախյան հերոսներին, «Իմ բանակը» շարքը, որի շրջանակում ներկայացվում է մեր բանակի սպառազինությունը, բանակային մասնագիտությունների առանձնահատկությունները և այլն…
Մենք մեծապես կարևորում ենք թեմայի նկատմամբ հանրության ուշադրության սևեռումը, ինչը պայմանավորված է նաև մեր եթերի դինամիկ փոփոխություններով և նոր նախաձեռնությունների իրականացմամբ։ Ինչպես բոլոր հաղորդումներից, այնպես էլ «Մարտիկից» միշտ ակնկալել ենք որակական փոփոխություններ, ինչի համար մենք բազմիցս տեխնիկական և հայեցակարգային օժանդակություն ենք ցուցաբերել վերոնշյալ հաղորդման ստեղծագործական թիմին։
Հարգելով և գնահատելով տարիների մեր համագործակցությունը և պարոն Շահսուվարյանի նվիրումն իր աշխատանքին՝ մեր շնորհակալությունն ենք հայտնել նաև հաղորդման ստեղծագործական խմբին՝ առաջադրելով պարգևատրման Հանրային հեռուստատեսության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հանրային հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ իր երախտիքն է հայտնում պարոն Շահսուվարյանին՝ իր անսահման նվիրումի և համագործակցության համար», - մեզ հետ զրույցում նշեցին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեղեկացանք, որ 2016 թ․դեկտեմբերին լրացել է հաղորդաշարի պայմանագիրը Հանրային հեռուստաընկերության հետ և ստեղծագործական թիմը, ըստ ընթացակարգի, տեղեկացվել է պայմանագիրը չշարունակելու մասին: Առաջին ալիքից նաև հավաստիացրեցին՝ Հանրայինն այս տարի իր ուժերն ուղղելու է Պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում պլանավորված և նախատեսված հաղորդաշարերի իրականացմանը և զարգացմանը: