31/01/2017 16:14
Լապշինի գործով Ադրբեջանը «ռեկլամ» է անում Ղարաբաղն ու այցելությունների առումով ավելի ձգող դարձնում. Նալբանդյան
Մարդկանց հիմնարար իրավունքներին ու ազատություններին խոչընդոտելը խայտառակություն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Չգիտեմ, թե ով և ինչ կարող է վաստակել Լապշինի գործից, բայց վստահ եմ, որ այն ոչ մեկին հեղինակություն չի ավելացնի։ Հակառակը՝ խայտառակություն է հետապնդել կամ խոչընդոտել մարդկանց հիմնարար ազատությունների կամ հիմնարար իրավունքների իրականացման համար», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Ըստ արտգործնախարարի՝ Լապշինի գործը նախադեպային չի դառնա ու չի ազդի Ղարաբաղ կատարվող այցելությունների վրա։
«Ղարաբաղ գնացել են, գնալու են և ավելի կգնան։ Ադրբեջանի «սև ցուցակում» կա մոտ 500 մարդ՝ տարբեր ոլորտներից, այդ թվում, համաշխարհային համբավ ունեցող դեմքեր, որևէ մեկը կարո՞ղ է Ադրբեջանի հետ համագործակցել այդ հարցով ու հանձնել իրենց՝ իհարկե, ո՛չ։ Ընդ որում, պետք է ասեմ, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղ ավել շատ են լինում այցելություններ։ Ղարաբաղը դարձել է ձգող ուժ ու ինչքան իրենք խոչընդոտում են, այդքան «ռեկլամ» են անում Ղարաբաղին ու բոլորը ցանկանում են գնալ տեսնել», - ասաց Է. Նալբանդյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակը ստիպում է, որ Ադրբեջանի նյարդերը տեղի տան:
«Դրա համար էլ այսպիսի իրավիճակի մեջ է ընկնում ու դա վնաս է հասցնում նրա հեղինակությանն ու վնաս կհասցնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն այսպիսի հարցերում համագործակցել Ադրբեջանի հետ», - ասաց Նաբանդյանը։