31/01/2017 15:45
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում կհանդիպեն, եթե Ադրբեջանը չհրաժարվի. Նալբանդյան
Առաջիկայում, միգուցե, տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում, եթե Ադրբեջանը չհրաժարվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Եռանախգահների կողմից առաջարկվել է հանդիպում՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին։ Նաև նրանք առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից, ես նկատի ունեմ արտգործնախարարների կամ այլ մակարդակներով, քանի որ եռանախագահների կողմից տարածաշրջանային այցելություններ, հանդիպումներ մշտապես լինում են», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Միևնույն ժամանակ Է. Նալբանդյանն ընդգծեց, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը չհրաժարվի դրանից։
«Այս պահին չեմ կարող հաստատել, քանի որ չգիտենք՝ ի՞նչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը՝ ո՞վ գիտի, ինչպես դա եղավ Համբուրգում և Համբուրգից բազմաթիվ անգամ առաջ։ Այսինքն պայմանավորվում ենք մի բան հետո վերջին րոպեին իրենք ձևացնում են, թե ինչ-ինչ պատճառներ կան, անգամ ներկայացնում են, որ հայկական կողմն է հրաժարվում՝ ինչն աբսուրդ է», - ասաց Էդվրադ Նալբանդյանը:
«Տեսնենք, միգուցե և նախարարների մակարդակով էլ այդ հանդիպումը լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի», - ընդգծեց նա: