31/01/2017 15:29
Ադրբեջանն այն աստիճան աղավաղեց պայմանավորվածությունները, որ եռանախագահներն այն անվանեցին այլասերում. Նալբանդյան
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանի և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանի և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Ադրբեջանը հարցականի տակ դրեց նախ և առաջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճան աղավաղեց դրանք, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում», - ասաց արտգործնախարարն այսօր մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ եռանախագահող երկրներն այսօր ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է խստորեն պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայման վերաբերյալ։
«Սա է գլխավոր ուղղությունը, որով առաջնորդվում են եռանախագահներն ու Հայաստանը։ Սրանով ենք զբաղվում», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։