31/01/2017 12:24
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները
Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ, Իրանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և քարոզչության վարչության փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի ՊՆ ղեկավարը, իր գոհունակությունը հայտնելով հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, նշել է, որ Իրանը մշտապես ձգտել է հարևանների հետ բարիդրացիական և բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել:
Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին՝ Հոսեյն Դեհղանը նշել է. «Տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանը այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի»:
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել իր համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը: «Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը, համոզված ենք, որ այցը կնպաստի հետագա համագործակցությանը», - ասել է նախարարը:
Ողջունելով Իրանի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում՝ Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: