01/02/2017 17:50
ԱՄՆ դեսպան. Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան
Հայաստանում կարճ ժամանակահատվածում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ինչպես նաև ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում, ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների առաջ իր ելույթում:
«Այս 15 ամիսների ընթացքում (2015թ. նոյեմբերին դեսպանի ելույթից հետո – Aysor.am) և, առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, և թե՛ Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին, և այն գերակա ուղղություններին, որ ես և դեսպանատունը սահմանել ենք մեզ համար», - նշեց Ռ.Միլսը:
«Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն», - ընդգծեց նա:
Նա նաև նշեց, որ քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում և հանրության ուշադրությունը բևեռվեց այդ խնդրին:
Ռ.Միլսի խոսքով, դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը և անձամբ ինքը, աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց: