01/02/2017 22:20
Վիգեն Սարգսյանն ու Մոհամադ Զարիֆը կարևորել են անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Կարևորվել է անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:
Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությունը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Ընդգծելով խաղաղ, բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամությունը: