01/02/2017 18:49
Ես խոնարհումով ու մեծ հպարտությամբ ընտրեցի այս պատմական կադրերը. Ալլա Նավասարդյանը՝ նոր տեսահոլովակի մասին
Երգչուհի Ալլա Նավասարդյանն օրերս հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Հայաստան» երգի տեսահոլովակը, որը ոչ թե պատրաստվել է ռեժիսորական սցենարով ու պատկերացմամբ, այլ՝ իրական, փաստագրական կադրերի հիման վրա:
«Այս երգը վաղուց էր գրված, հեղինակը Վաչե Ավեյանն է: Պարզապես, երկրպագուների խնդրանքն էր, որ այն նաև տեսահոլովակ ունենա: Վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ այն երկրի բարիքների, ուժի, կանգուն ու վեհ սարերի մասին է: Տեսահոլովակում միմիայն փաստավավերագրական կադրեր են: Սկզբում ցանկանում էինք, որ կադրերում ես էլ երևայի, սակայն իմ ցանկությունն էր, որ միայն լինեին մեր հերոս տղաներն ու իրական հուշ-կադրերը: Այդպես էլ արեցինք», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգչուհին:
Նրա խոսքով՝ գուցե տարօրինակ հնչի, բայց ինքն այս աշխատանքը որպես տեսահոլովակ չի ընկալում:
«Ուղղակի երգն ու պատմությունն են համահունչ, բայց այս տեսահոլովակում իրական կյանքն է: Ավելորդ եմ համարում ձևական, հորինված ու նկարահանված կադրերը: Երբ կա իրականությունը, պետք է հենց դա էլ ներկայացնել: Ես խոնարհումով ու մեծ հպարտությամբ ընտրեցի այս պատմական կադրերը, որոնք երգին իրական կյանք ու շունչ են տալիս», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Առիթն օգտագործելով՝ վերջերս մայրացած երգչուհուց հետաքրքրվեցինք, թե արդյոք փոքրիկի խնամքի հետ մեկտեղ հասցնում է մասնակցել համերգներին և զբաղվել ստեղծագործական կյանքով:
«Անկեղծ ասած՝ հիմա ինձ մոտ մի փոքր դադար է: Փոքրիկիս զարգացման շրջանն է, և իմ ներկայությունը շատ կարևոր է նրա ճիշտ զարգացման համար: Ամենօրյա ռեժիմով չեմ աշխատում, սակայն հրավերների դեպքում մասնակցում եմ համերգներին: Դա ինձ դժվար չէ, քանզի 1,5 տարեկան տղաս ինձ էլ ավելի շատ եռանդ ու մտքեր է տալիս: Այս տարիքում շատ խելացի ու հասուն հայացքների տեր տղա է: Երբեմն, ինձ թվում է, թե մեծ մարդ է», - ժպիտով եզրափակեց Ա. Նավասարդյանը: