03/02/2017 19:43
ԼՂՀ հարցի կարգավորումն ուղիղ կապ չունի Հայաստանում կոռուպցիայի աճի հետ. Արտակ Զաքարյանը՝ Ռիչարդ Միլսի հայտարարության մասին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ԼՂՀ հարցի կարգավորման և ՀՀ-ում կոռուպցիայի աճ հետ ուղիղ կապ չի տեսնում, նման կարծիք Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարց է, և դժվար է ուղիղ կապ գտնել այդ հարցի և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի միջև», - ընդգծեց Արտակ Զաքարյան:
Նրա խոսքով՝ մի շարք երկրներ, որոնք չունեն կոնֆլիկտներ և բավականին լավ հարաբերությունների մեջ են իրենց հարևանների հետ, միևնույն է՝ այստեղ կոռուպցիոն մակարդակը բարձր է:
«Հայաստանում, համեմատության մեջ, կոռուպցիոն մակարդակը բավականին ցածր է, բայց նույնիսկ առկա իրավիճակում կարիք ունենք հետևողական պայքար տանել կոռուպցիայի դեմ: Դա միշտ մեր կառավարության ուշադրության կենտրոնում են եղել», - ասաց նա: