03/02/2017 13:48
Ադրբեջանը չի ցանկանում իրականացնել պայմանավորվածություններն ու այս պարագայում բանակցությունները տրամաբանությունից դուրս են. Կարեն Բեքարյան
Ադրբեջանի մոտ արդեն ձեռագիր է դարձել հնարավոր ցանկացած հանդիպումից կամ բանակցային գործընթացից առաջ սահմանին սադրանք իրականացնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը` Aysor.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով Թալիշի ուղղությամբ իրականացված դիվերսիային ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:
«Բառը վատն է, բայց երևի արդեն սովորել ենք, որ ցանկացած հնարավոր հանդիպումից կամ բանակցային էլեմենտից առաջ, Ադրբեջանը սահմաններին որոշակի պրովոկացիա է իրկանացնում: Սա ձեռագիր է դարձել: Պատահական չէ, որ մենք միշտ փորձում ենք միջնորդների ուշադրությունը հրավիրել փաստի վրա, որ հասցեականության բացակայությունը հայտարարություններում, Ադրբեջանն ընդունում է որպես նման վարքի խրախուսում», - ասաց Կարեն Բեքարյանը:
Պատգամավորը նշեց` կարևոր է ոչ այնքան արտգործնախարարների հնարավոր հանդիպման փաստը, որքան դրա բովանդակային արժեքը:
«Վերջին շրջանի բոլոր հանդիպումները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը որևէ կերպ ցանկություն չունի իրականացնելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և այս պարագայում բանակցային գործընթաց կոչվածն ընդհանրապես տրամաբանությունից դուրս է: Ո՞նց կարելի է նստել խոսել քաղաքական կարգավորման մասին, երբ կրակում են: Ո՞նց կարելի է մտածել վստահության միջոցների մասին, երբ սպանում են: Եթե դու ուզում ես արդյունք ունենալ, գոնե թեժ էլեմենտը պետք է հանված լինի: Ես լավատես չեմ, անգամ եթե այդ հանդիպումը տեղի ունենա», - ամփոփեց Կարեն Բեքարյանը: